Աղազարյանի «գաղափարախոսությունը»

Աղազարյանի «գաղափարախոսությունը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն է, ով սպառողական հոգեբանության «մաստեր կլաս» է ցուցադրում: 

«Վարկ փակողը» 

ԱԺ նախագահը հերթական պարգևավճարն է տվել պատգամավորներին, որոնցից մեկը՝ Հովիկ Աղազարյանը, ի պատասխան քաղաքացիների դժգոհությունների, ասում է. «Դե եթե քաղաքացիները երաշխավորեն, որ ինձ ևս 20 տարի կընտրեն, պատգամավոր, որ հիպոթեքս կվճարեմ, էդ դեպքում ես փողերը կուղարկեի իրենց ասած տեղը, բայց ես կարող է երկու տարի հետո պատգամավոր չլինեմ և 50 հազար դոլար պարտքը կմնա վրաս»: 

Նիկոլի հետևորդը 

Երբ Փաշինյանը պետական գաղափարախոսություն է հռչակում «ապրելու գաղափարախոսությունը», նրա թիմակիցն էլ պատգամավորական մանդատը վարկ փակելու միջոց է համարում:
Սա մտածողություն է, որն ի վերջո բերելու է նրան, որ մոտ ապագայում «ապրելու գաղափարախոսությունը» հակադրության մեջ է մտնելու պետականություն ունենալու անհրաժեշտության հետ:
Ի վերջո, մարդիկ կարող են «ապրել», եթե նույնիսկ պետություն չունեն (կարևորն ինչ-որ մեկը ստամոքսի հարցը լուծի) ու նույն կերպ հանուն վարկը փակելու Աղազարյանը մի օր կարող է դառնալ օտար օրակարգի սպասարկող, մանավանդ՝ գործնականում որևէ «օտար» ավելի «արդյունավետ» կարող է փակել նրա վարկերը:

Վահրամ Բագրատյան