Իշխանությունը չի գործում ՀՀ շահերից ելնելով և փորձում է քանդել ՌԴ հետ հարաբերությունները․ Բադալյան
Հայ–ռուսական հարաբերությունները, չնայած իրենց վատթարացման, հնարավոր է ունենան կրկին լավ օրեր։ Օրինակ, 2026թ–ի ընտրությունները կարող են ամեն ինչ փոխել։
Արդյո՞ք հնարավոր է բարելավել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները․ MediaHub-ը իր հարցերն ուղղեց «Եվրասիա» կազմակերպության խորհրդի անդամ Միկա Բադալյանին՝ Մոսկվայում ընթացող «Եվրասիա ավանդական արժեքների տարածք» միջազգային ֆորումի շրջանակում։
««Եվրասիայի» գոյության հենց սկզբից մենք ակտիվ աշխատանք ենք սկսել Հայաստանում։ Հայաստանում «Եվրասիայի» գոյության 8 ամիսների ընթացքում իրականացվել է ավելի քան 200 միջոցառում, ավելի քան 2000 մարդ արդեն իրեն «Եվրասիայի» ուսանող է համարում, և ես կարծում եմ, որ սա շատ լուրջ, շատ կարևոր արդյունք է, մենք այստեղ տեսնում ենք, որ այս աշխատանքը չափազանց անհրաժեշտ է»,– նշեց Բադալյանը։
Ըստ Բադալյանի՝ Հայաստանում շատերը սխալմամբ կարծում են, որ Ռուսաստանը ոչինչ չի անում։ «Ամենաշոշափելի արդյունքը, որի մասին մենք խոսում ենք, եղբայրական հայ և ռուս ժողովուրդների հարաբերությունների փոփոխությունն է։ Ինչ վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին, ապա, հավանաբար, անհրաժեշտ է դրանք բաժանել երկու մասի` Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը Ռուսաստանի և հայ ժողովրդի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը լիովին կողմնակալ է և լիովին հակասում է Հայաստանի ազգային շահերին»,– ասաց նա։
Բադալյանը հավելեց, որ ՀՀ իշխանությունը չի գործում Հայաստանի շահերից ելնելով և փորձում է քանդել Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչը Հայաստանի համար մահվան պես մի բան է։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար կարող է ցավալի լինել, եթե խզվեն հարաբերությունները Հայաստանի հետ, Հայաստանը, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումից հետո պարզապես չի մնա քարտեզի վրա, և ժողովուրդը դա հասկանում է։
«Մեզ համար ուղղակի շատ կարևոր է կառուցել հենց այս ժողովրդական դիվանագիտությունը, որով զբաղվում է «Եվրասիան», որպեսզի ժողովրդի ձայնը լսելի լինի։ Մեզ համար կարևոր է նաև այսօր Ռուսաստանում աշխատելը, քանի որ Ռուսաստանում շատերը տեսնում են վերնագրերը և իրականում չեն հասկանում իրավիճակը, նրանք տեսնում են գրառումներ, որ Երեւանը գնում է դեպի Եվրամիություն, և իհարկե, սա պետք է մարդկանց վրդովմունքն առաջացնի, քանի որ Ռուսաստանը շատ բան արել է, անում է և պատրաստ է անել։ Կա իշխանությունների դիրքորոշում, կա ժողովրդի դիրքորոշում։ Համոզված եմ, Հայաստանում կսկսվեն քաղաքական բռնաճնշումներ, կսկսվեն ձերբակալություններ, կսկսվեն ոտնձգություններ լրատվամիջոցների նկատմամբ, բայց մենք կանգնելու ենք մինչև վերջ»,– ասաց Բադալյանը։