Երևանը կունենա՞ ընդդիմադիր քաղաքապետ

Հայկ Մարությանն արձագանքել է «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի պայմանին՝ հայտարարելով, որ սատարում է Հայաստանում ամբողջական իշխանափոխությանը։
Սրան հաջորդել է «Մայր Հայաստան» դաշինքի հայտարարությունը, որում մասնավորապես ասված է.
«Հայկ Մարությանը հրապարակավ ընդունել է մեր դիրքորոշումն ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության մասին: Եթե ոչ իշխանական դաշտում հաստատվի կոնսենսուս, «Մայր Հայաստան» դաշինքն իր քվեն կտա Հայկ Մարությանին»:
Արտաքուստ թվում է՝ եթե Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնը» միանա այս կոնսոլիդացիային, ապա ընդդիմադիր քաղաքապետի ընտրության հարցը լուծված է:
Մեխանիկական հաշվարկով՝ այդպես է:
Բայց ընդդիմադիր երեք ուժերի մեջ ամեն ինչ չէ, որ հարթ է: Երեկ արդեն ակնհայտ էր, որ Մարությանի և Ղուկասյանի ոչ բոլոր կողմնակիցներն են կողմ նման կոնսոլիդացիային, էլ չասենք այն մասին, որ Ղուկասյանի շուրջ հավաքված ավելի արմատական էլեկտորատն հակված է մյուս բոլոր ուժերի մեջ տեսնել իշխանության հետ լատենտ համագործակցողների:
Մյուս կողմից, եթե անգամ ցուցակների առաջին դեմքերի մակարդակով կոնսենսուսը կայանա, ամենևին փաստ չէ, որ երեք խմբակցությունների բոլոր 33 պատգամավորները կոնսոլիդացված քվեարկություն կանեն ու կունենանք ընդդիմադիր քաղաքապետ:
Ըստ այդմ, միանգամայն հնարավոր են նաև երկու այլ սցենարներ՝ իշխանության թեկնածուի հաղթանակ՝ «քաղաքական անասնագողության» հետևանքով կամ արտահերթ ընտրություններ, եթե իշխանության կամ ընդդիմության ջանքերը բավարար չլինեն նոր քաղաքապետ ընտրելու համար:
Վահրամ Բագրատյան