Ի՞նչ են տարել ԲԴԽ նախկին նախագահի բնակարանից, ՊՎԾ-ն դեռ ուսումնասիրում է «դուշի» հարցը․ Մամուլը՝ սուրճով

Ի՞նչ են տարել ԲԴԽ նախկին նախագահի բնակարանից, ՊՎԾ-ն դեռ ուսումնասիրում է «դուշի» հարցը․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Բաքվի բանտում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ադրբեջանական ԶԼՄ-ին տված հարցազրույցը լուրջ անհանգստություն է առաջացրել արցախյան քաղաքական շրջանակներում։ Նրանք կարծում են, որ Ալիեւի ռեժիմը` սպառնալիքների ներքո, նրան պարտադրել է հայտարարություններ անել, որոնք կարող են ծանր հետեւանքներ առաջացնել Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։

Օրինակ, պաշտոնական Բաքուն, Արցախի նախկին նախագահի որոշ խոսքերի հիման վրա, կարող է փորձել, որ Հայաստանն ագրեսոր ճանաչվի՝ որպես արցախյան պատերազմների եւ հողեր ազատագրելու պատասխանատու։

Նշենք, որ հարցազրույցի անոնսը տարածվել է մի քանի օր առաջ, հարցազրույցն ամբողջությամբ կցուցադրվի մարտի 28-ին։

«Իրավունք» թերթը գրում է.

«Դեռեւս հունվարի 10-ին Պետական վերահսկողական ծառայությունը հայտարարեց, որ ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում՝ վարչապետի հանձնարարությամբ։ Խոսքը մասնավորապես այն «դուշի» մասին էր, որը Նիկոլը հայտնաբերել էր ՝հանձնարարելով արագ պարզել գնի խնդիրն ու զեկուցել:

Հայտարարությունից երկու ամիս է անցել, ի՞նչ է պարզվել ուսումնասիրության արդյունքում, փորձել ենք հետաքրքրվել ՊՎԾ-ից, որտեղից տեղեկացրին, որ ուսումնասիրությունները դեռեւս ընթանում են, եւ որ այն ավարտվելուն պես կրկին ՊՎԾ-ն հանդես կգա հայտարարությամբ.

-Ուսումնասիրություններն արվում են պետական բյուջեի միջոցներով կառուցվող մի շարք հանրակրթական ու մարզամշակութային հաստատությունների կառուցման աշխատանքների, դրանց նախագծման, հեղինակային եւ տեխնիկական հսկողության նպատակով հատկացված պետական միջոցների կառավարման օրինականության ու արդյունավետության վերահսկողության նպատակով։

Ըստ կառավարության՝ ուսումնասիրության ենթակա են Արարատի մարզի Դեղձուտի միջնակարգ դպրոցի տիպային նոր շենքը, Արմավիրի Ջրառատի ծանրամարտի նոր մարզադահլիճը, Ջանֆիդայի «Է. Դաշտոյանի անվ. Միջնակարգ դպրոցի» նոր մարզադահլիճը, Լոռու մարզի Վանաձորի «Ծովակալ Իսակովի անվ. Թիվ 23 հիմնական դպրոցի» նոր մարզադահլիճը, Սյունիքի մարզի Վաղատին բնակավայրի միջնակարգ դպրոցի նոր շենքը»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԲԴԽ նախկին նախագահի բնակարանի խուզարկության գործընթացից: Մասնավորապես, նրա տուն առավոտյան 9։30-ի սահմաններում գնացել են Հակակոռուպցիոն կոմիտեի 4 աշխատակիցներ ու սկսել են խուզարկությունը։ Բնակարանից տարել են հեռախոսներ, ԲԴԽ նախկին նախագահի տան անդամների համակարգիչները, ու դեռ ավելին՝ կոմիտեի մեր աղբյուրների պնդմամբ՝ ողջ խուզարկությունը տեսանկարահանվել է: Վաղ առավոտից սկսված խուզարկությունը ավարտվել է 17։00-ին։ Ասել է թե՝ մոտ 8 ժամ Վարդազարյանի բնակարանը, առանձնատունը, ավտոտնակը խուզարկելուց հետո այդպես էլ իրավապահները չեն գտել ցանկալի ձայնագրությունը։

Նշենք, որ երեկ Հակակոռուպցիոն դատարանում Ռուբեն Վարդազարյանը հրաժարվեց որեւէ տեղեկություն տրամադրել իր տան խուզարկության վերաբերյալ, միայն նշեց, որ այն, ինչ փնտրել են, չեն գտել:

Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրված ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որով հիմնավորվում էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձել է պարտադրել Վարդազարյանին հրաժարական տալ ԲԴԽ նախագահի պաշտոնից»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

ՔՊ-ում խոր հիասթափություն կա արտգործնախարար Արարատ Միրզոյանից, որին թիմում ոմանք դիտարկում էին որպես Փաշինյանին փոխարինող՝ իր ինքնուրույնության եւ սկզբունքների շնորհիվ։ Սակայն Միրզոյանը կուսակցական վերջին հավաքներին իր դիրքորոշումներով եւ պահվածքով հիասթափեցրել է ՔՊ-ականներին։

Մեր աղբյուրի պատմելով՝ Արարատ Միրզոյանն իր բոլոր քայլերը համաձայնեցնում է Փաշինյանի հետ եւ հակադրվելու փորձեր էլ չի անում՝ անգամ այն հարցերում, որոնց վերաբերյալ իր անհամաձայնությունը չի թաքցնում նեղ միջավայրում։ Պատմում են, որ, դիցուք, Միրզոյանն էլ է դեմ, որ Հայաստանն Ադրբեջանի պահանջով Սահմանադրություն փոխի, առավել եւս՝ Անկախության հռչակագրին հղումը հանվի։

Տարեսկզբյան իր ասուլիսում նա զգուշորեն ակնարկել էր այդ մասին՝ պատասխանելով  հարցին, թե Սահմանադրությո՞ւնն է խաղաղության գործընթացի արգելակման պատճառը․ «Ամենեւին ոչ»: Սակայն ներքին քննարկումներում լռում է` վախենալով հակադրվել «առաջնորդին»։ Ի դեպ, ԱԳ նախարարն առաջիկա օրերին հյուրընկալվելու է ՔՊ խմբակցությունում՝ փակ հանդիպման ձեւաչափով։