Ես էլ լսել եմ, որ քաղաքապետի թեկնածուն Ավինյանի փոխարեն կարող է Հրաչյա Սարգսյանը լինել․ Աբգարյան
Այո՛, մենք ունենք որոշակի նոր շարժակազմ, բայց դա կաթիլ է մեծ ծովում։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե 2018 թվականից մինչ օրս Երևանում շրջանառությունից դուրս է բերվել 1000 «հուսահատության «Գազել», ինչն ընդհանուր «Գազել»-ների թվի 70 տոկոսն է։
Նրա խոսքով՝ իրականում պատկերը չի փոխվել ու պարզ չէ՝ ինչու նոր եկած ավտոբուսները չեն մտնում գիծ։
«Ենթադրում եմ, որ հնարավորինս ուշ են ուզում դա անել, որ ընտրությունների մոտ լինի, ավելի գեղեցիկ մատուցվի։ Չեմ կարծում, որ մեզ հաջողվել է նույնիսկ մոտենալ խնդրի լուծմանը, անգամ եթե նոր շարժակազմը գործարկվի»,- ասաց Աբգարյանը՝ հավելելով, որ նոր շարժակազմի գործարկմամբ էլ նոր խնդիրներ են ի հայտ գալու։
Մասնավորապես, ըստ ավագանու անդամի, եթե նոր ավտոբուսները գիծ մտնեն, խայտառակ խցանումներ են առաջանալու, իսկ քաղաքացուն պետք է, որ տրանսպորտը չուշանա, ինչը չի կարող լինել, եթե խցանումներ լինեն։
«Մենք գլոբալ, մեծ պրոբլեմի առջև ենք կանգնած»,- նկատեց նա։
Իզաբելլա Աբգարյանի դիտարկմամբ՝ անհերքելի է, որ համայնքային միջոցներով Տիգրան Ավինյանն այժմ քարոզարշավ է իրականացնում, բոլոր քաղաքացիները տեսնում են՝ քաղաքապետի տեղակալներից միայն ինքն է ներկայացնում այն ամենն, ինչ արվում է ի շատ քաղաքացու։
Հարցին, թե արդյոք վաղ է արտահերթ ընտրությունների մասին խոսելը, Աբգարյանը պատասխանեց՝ իշխանությանը հարմար կլինի ամռանն ընտրություններ անցկացնելը։
«Մի պահ աշխուժացել էին խոսակցությունները, թե այսօրվանից հետո, երբ բյուջեն կհաստատվեր, ավագանին կլուծարվեր ու նոր ընտրություններ կանցկացվեին։ Հիմա քչացել են այդ խոսակցությունները։ Բայց չեմ կարող բացառել, որ հենց ամռանը տեղի կունենան ավագանու ընտրություններ, երբ քիչ մարդ կա։ Իշխանություններին ձեռնտու է լինելու ցածր մասնակցությունը, քանի որ այդ դեպքում վարչական ռեսուրսը կգործի»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ ՔՊ այլ թեկնածուի մասին էլ է խոսվում, օրինակ, Սուրեն Պապիկյանին քաղաքապետի թեկնածու առաջադրելու մասին լուրեր կային, Իզաբելլա Աբգարյանն արձագանքեց, թե ինքն էլ լսել է, որ Հրաչյա Սարգսյանը կարող է լինել ՔՊ թեկնածուն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարե Գնունի