Երբ խոսքը համեմատաբար երիդասարդ տարիքի անձի մասին է, վստահորեն կարող եմ ասել, որ տվյալ դեպքը ազդակ է, որ դիմադրություն ցուցաբերելու մարդկային հնարավորությունները անսահման չեն։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ՄԻ պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով երեկ Արցախում արձանագրված սովամահության ցավալի դեպքը:
Նրա խոսքով, այս փաստը լայնամասշտաբ պետք է քննարկվի հենց Հայաստանում, քանի որ սրտացավություն չի երևում առանձին մարդկանց կողմից և չի ցուցաբերվում այն ուշադրությունը, որը պետք է ցուցաբերվի, քանի որ այստեղ սովն օգտագործվել է որպես զենք և գումարվել Ադրբեջանի գործած նախորդ բոլոր հանցագործություններին։
«Այս ամենի մեջ կարևոր դեր է խաղում ՀՀ իշխանությունների վտանգավոր արձագանքը»,- նշեց մեր զրուցակիցը։
Լարիսա Ալավերդյանը շեշտեց՝ լավատեսորեն տրամադրված չէ և այնքան էլ բարձր կարծիքի չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի անցկացման մասով։ Ասում է՝ տարիներ շարունակ այնտեղ քննարկվել են նմանատիպ դեպքեր, սակայն միշտ աշխարհաքաղաքական իրադարձությունները ավելի բարձր են դասվել.
«Սովամահության վերջին դեպքը, վաղաժամ ծննդաբերությունները և երեխաների մահը շրջափակված Արցախում ծանրակշիռ դեր չեն ունենալու այդ նիստի ժամանակ»,- ցավով նկատեց նա։
Ալավերդյանը նաև վստահ է՝ ՀՀ իշխանությունների կողմից ինչպես չի եղել սիստեմատիկ, սկզբունքային և խորքային աշխատանք, այնպես էլ չի լինելու և այն համոզմունքը, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան խոսելուց հետո հարց կարող է լուծվել միայն մոլորություն է և ուրիշ ոչինչ։
Հիշեցնենք, երեկ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրեց, որ Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ.Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։ Սա սովամահության առաջին դեպքն է Արցախում:
Արցախը, հիշեցնենք, արդեն 248 օր է, ինչ շրջափակման մեջ է:
Մարիա Զարգարյան