«Ո՛չ Նիկոլին». Նաիրա Զոհրաբյանն ու Գևորգ Պետրոսյանը պայքարի նոր շարժում են սկսում

«Ո՛չ Նիկոլին». Նաիրա Զոհրաբյանն ու Գևորգ Պետրոսյանը պայքարի նոր շարժում են սկսում

Ազգային ժողովի նախկին պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Գևորգ Պետրոսյանը նոր շարժում են նախաձեռնում՝ ազատելու Հայաստանը Նիկոլ Փաշինյանից և նրա իշխանությունից։

«Ծրագրերը մշակման ընթացքում են։ Մենք ոչ թե ինչ-որ պաշտոններ զբաղեցնելու համար ենք սկսում պայքարը, այլ՝ մեր հայրենիքը փրկելու համար։ Ընդհանրապես, երկիրը շատ վատ վիճակում է, և մեր մտահոգության շարժառիթներից մեկն էլ ընդդիմության ոչ միասնական լինելն է»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Գևորգ Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ հենց ինչ-որ մի շարժում է լինում, անմիջապես քաղաքական ուժերը սկսում են դրանք սեփականաշնորհելու փորձեր անել, իսկ քանի որ իրենք կուսակցական կաշկանդվածություն չունեն, իրենց գործողություններում ավելի վստահ կլինեն։

«Մենք կուսակցության ղեկավարի դիրքորոշումից, ցանկությունից կախված չենք լինելու։ Որպես ինքնաբուխ շարժում երկիրը փորձելու ենք դուրս բերել էս վիճակից»,- ասաց Պետրոսյանը։

Նա տեղեկացրեց, որ իրենք պատրաստ են գործակցել այն առողջ ուժերի հետ, որոնց իրական նպատակը ոչ թե երկու օր փողոց դուրս գալով պաշտոն ձեռք բերելն է, այլ՝ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելը։

Հարցին, թե ինչպե՞ս է դրսևորվելու շարժման պայքարը, հանդիպումնե՞ր են լինելու քաղաքացիների հետ, փողոցային պայքա՞ր, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց՝ նախքան շարժումը սկսելն արդեն իսկ իրենք բազմաթիվ հանդիպումներ են ունեցել քաղաքացիների, գիտնականների, ոլորտի մասնագետների, քաղաքական գործիչների հետ։

«Արդեն իսկ հանդիպումներ, խորհրդակցություններ եղել են։ Բնականաբար, պետք է հասկանանք, թե արդյո՞ք կա շարժման ժողովրդական պահանջ։ Մենք պետք է հարգենք ժողովրդի կարծիքը։ Այդ տրամաբանությամբ ենք շարժվում»,- նշեց նա։

Գևորգ Պետրոսյանը վստահեցրեց՝ հեռու չէ այն օրը, երբ իրենք այդ համապատասխան ուսումնասիրություններից հետո կտան ցանցային ու ակտիվ պայքարի մեկնարկը։

Նարե Գնունի