Արտաշատում կարկուտը ջարդել է ամբողջ բերքը, տներ ու խանութներ են հեղեղվել

Արտաշատում կարկուտը ջարդել է ամբողջ բերքը, տներ ու խանութներ են հեղեղվել

Արտաշատում կարկուտը վնասել է ամբողջ բերքը, ինչ կա-չկա, ջարդել է։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Արտաշատ համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Անդրանիկ Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ տեղատարափը ոչ միայն բերքն է վնասել, այլ նաև տների ապակիները, տանիքները։

«2023 թվականին Արտաշատ համայնքում 5 նոր հակակարկտային կայաններ են տեղադրվել Վարդաշեն, Արևշատ, Ոստան, Դեղձուտ և Մրգավան բնակավայրերում։ Դրանք պետք է որ սպասարկեին Արտաշատ քաղաքային համայնքի գյուղացիական տնտեսությունները։ Այսօրվա առատ տեղումները և կարկուտը գրեթե ոչնչացրին ամբողջ բերքը՝ չհաշված սածիլները»,- նշեց Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ հեղեղվել են  նաև շատ տներ և խանութներ։ 

«Տպավորություն էր, որ կայաններն ընդամենը 10%-ով են  գործածվել, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ «Իսկանդերը»։ Չեմ հասկանում՝ էս իշխանությունների մոտ 10%-ից ավելի ոչինչ չի՞ ստացվում»,- նկատեց մեր զրուցակիցը։

Նշենք նաև, որ կարկտի հետևանքով վնասվել են նաև ջերմոցային տնտեսությունները։

Նարե Գնունի