Մեքենան պահում են, որ ի՞նչ. ի՞նչ զարգացումներ կան Սամվել Շահրամանյանի` առգրավված մեքենայի գործով

Մեքենան պահում են, որ ի՞նչ. ի՞նչ զարգացումներ կան Սամվել Շահրամանյանի` առգրավված մեքենայի գործով

Ինչպես ավելի վաղ MediaHub-ը տեղեկացրել էր, հունիսի 21-ին մի խումբ դիմակավորված հատուկջոկատայիններ ջարդել էին Երևանում Արցախի ներկայացուցչության դարպասները և առգրավել ԱՀ նահագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան։

Ի՞նչ զարգացումներ կան. MediaHub-ը կապ հաստատեց փաստաբան Ռոման Երիցյանի հետ։ 
«Միջնորդություն ենք գրել քննիչին, որ մեզ տրամադրի արձանագրությունները, սակայն չեն տրամադրել մինչ օրս։ Ըստ օրենքի՝ նույն պահին պետք է տրամադրվեր արձանագրության օրինակը, բայց քննիչը չի տրամադրել»,- նշեց Երիցյանը։

Ըստ նրա՝ այդ ամենը օրենքի խախտում է, որ իրենց չեն  տրամադրել արձանագրությունը, այնպես որ բոլոր հիմքերն ունեն բողոքարկելու:

Նշենք, որ մեզ հետ նախորդ զրույցի ժամանակ Երիցյանը, խոսելով իրենց  հետագա անելիքների մասին, ասել էր, որ առգրավման որոշումը ստանալուն պես կզբաղվեն այդ հարցով, սակայն մինչ այս պահը, փաստացի, իրավիճակ չի փոխվել:

Ավելի վաղ նա նշել էր. «Օգտվելով այն առիթից, որ Շահրամանյանը և փաստաբաները հարցաքննության էին, նրանք մտան և առգրավեցին մեքենան: Մենք գնացել էինք քննչական կոմիտե հարցաքննության, և իրենք օգտվեցին այդ առիթից»:

Այսօր էլ կրկնեց. «Ըստ ինձ՝ պատահականություն չէ, որ նույն ժամին նահագահին կանչեն հարցաքննության ու նույն ժամին մեքենան առգրավեն»։

Ապա շարունակեց, որ չնայած առգրավումը կատարվել է Աշոտ Դանիելյանից, բայց այս պահի դրությամբ որպես սեփականատեր՝ լայն առումով սեփականատեր, պետք է դիտարկել Արցախի Հանրապետության նահագահ Սամվել Շահրամանյանին։

«Որպեսզի ես կարողանամ լիարժեք բողոքարկելու իրավունք ունենալ, ես պետք է ստանամ բոլոր փաստաթղթերը, ինչը այս պահի դրությամբ ինձ չեն տրամադրել»:

Հարցին, թե ի՞նչ պետք է անեն, եթե չստացվի վերցնել արձանագրությունները, Երիցյանը նշեց․
«Զոռով էլ լինի, ստիպելու ենք, որ տրամադրեն»:

«Մեզ համար լրիվ անհասկանալի է՝ ինչու առգրավեցին մեքենան, որովհետև նպատակը չեն ասում, խուսափում են պատասխանից կամ, ավելի ճիշտ, որպես պաատսխան նախընտրում են լռությունը: Ի՞նչ գործողություն պետք է անեն այդ մեքենայի հետ, այդ ավտոմեքենան ոչ ավտովթարի մասնակից է եղել, վրան արյան հետք չի եղել, վերցրել եք, որ ի՞նչ: Մեկ անգամը հերիք չէ՞, որ տարել են ու խուզարկել ու ոչ մի բան չեն հայտնաբերել, հետ վերադարձրել: Այս պահին էդ մեքենան պահում են, որ ի՞նչ»,- հավելեց մեր զրուցակիցը:

Վիկա Աբգարյան