Չի քննարկվում, ՀՀ-ում ծնվածները ծառայում են, զոհվում, մնացածը՝ 1000 դրամով քաղաքացիություն ստանում․ Սարգսյան 

Չի քննարկվում, ՀՀ-ում ծնվածները ծառայում են, զոհվում, մնացածը՝ 1000 դրամով քաղաքացիություն ստանում․ Սարգսյան 

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվում է ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ 

Հայկ Սարգսյանը նշեց, որ Կառավարության առաջարկներն ընդունում է՝ բացառությամբ անցումային դրույթը հանելու առաջարկը և չի ընդունում որ Կառավարությունը ձեռնպահ է ՀՀ քաղաքացիության շնորհման պայմաններում գործող օրենսդրության մեջ որևէ կանոն փոփոխելուց։

«Ձեռնպահ պետք է չմնաք, նրանք, ովքեր մինչև ծառայելը հրաժարվել են քաղաքացիությունից, 27 տարին լրանալուց հետո կգան կդառնան քաղաքացի, պարտավոր են կա՛մ վճարել, կա՛մ ծառայել ու չի քննարկվում։ Հավասարության նշան պետք ա լինի նրանց նկատմամբ, ովքեր ՀՀ-ում ծնվել են, գնացել ծառայել են, զոհվել կամ այլ զրկանքներ են կրել, չի քննարկվում, գալիս, 1000 դրամով քաղաքացի են դառնում»,- ասաց Սարգսյանը՝ առաջարկելով նախագծի տարիքային դրույքը դարձնել 27-45 տարեկան։ 

Սարգսյանի նախագիծը իրարանցում ստեղծեց դահլիճում։ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը նշեց, որ Կառավարությունը դեմ է այս առաջարկին։

«Իսկ ընդհանրապես ինչի՞ն ա կողմ»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ 

Փոխնախարարն առաջարկեց ձեռնպահ մնալ քաղաքացիության մասին փոփոխություն կատարելուց։ Դահլիճում բանավեճ սկսվեց։ Անդրանիկ Քոչարյանը սկսեց գոռալ․ «Ի՞նչ է առաջարկում Կառավարությունը, ոչ մեկդ չեք վերցնում ու Կառավարության դիրքորոշումն ասում»։

Ի վերջո, ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը կրկնեց գործադիրի դիրքորոշումը։ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն ընդունեց դիտարկումը, սակայն նշեց, որ կորցնելու բան չունեն։ 

«Ամեն անգամ վախենանք, չմտնենք էդ դաշտ, է, չենք էլ իմանա, էդ լավ էր, թե չէ։ Ես դեմ եմ քվեարկելու Կառավարության առաջարկին»,- ասաց Խաչատրյանը։ 

Ամեն դեպքում, հարցը ներառվեց ԱԺ լիագումար նիստի օրակարգում։

Լիաննա Թորոսյան