Ո՞վ էր խաբել Փաշինյանին՝ սխալ թվեր ներկայացնելով, կամ միակ «դուխով տղան» Տիգրան Խաչատրյա՞նն էր

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին ինչ-որ դրական ցուցանիշներ հրապարակեց՝ ցանկանալով մատնանշել աշխատատեղերի քանակի և աշխատավարձերի չափի ավելացումը 2018 թվականի համեմատ։ Բայց նա համեմատեց 2023 թվականի դեկտեմբերը 2018 թվականի մայիսի հետ, այլ ոչ թե մայիսը՝ մայիսի, ինչը անհամարժեք համեմատում է։
«2023 թվականի դեկտեմբերին աշխատավարձի ֆոնդը, այսինքն բոլոր աշխատավարձերը միասին վերցրած կազմել է 264 միլիարդ 188 միլիոն դրամ, որը 2018 թվականի մայիսի նկատմամբ ավելի է 167 միլիարդ 501 միլիոն դոլարով կամ 173 տոկոսով։ Այսինքն՝ համախառն աշխատավարձը 173 տոկոսով 2018 թվականի մայիսից ի վեր ավելացել է, իսկ նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր՝ 13.3 տոկոսով կամ 31 միլիարդ դրամով»,- ասաց Փաշինյանը՝ հերթով մանրամասն թվարկելով, թե որ սեգմենտի աշխատողների աշխատավարձն է 2018 թվականի մայիսի համեմատ ինչ չափով ավել եղել 2023 թվականի դեկտեմբերին։
Նկատենք, որ նա իր խոսքի մեջ մեկ դրամ է ասում, մեկ՝ դոլար, ավելի ստույգ՝ 2023 թվականի դեկտեմբերի ցուցանիշը դրամով է ասում, 2018 թվականի մայիսինը՝ դոլարով։ Ճիշտը, այս դեպքում, դրամն է, իհարկե, բայց սա էական վրիպում չէ գործադիրի ղեկավարի կողմից։ Էական վրիպումն կամ, ավելի շուտ, սխալը դեկտեմբերը մայիսի հետ համեմատելն է, քանի որ դեկտեմբերին աշխատավարձերի ֆոնդին ավելանում են նաև պարգևավճարները, ու տրամաբանական է, որ պարգևավճարներով հանդերձ՝ ցուցանիշը ավելի բարձր է լինելու, քան մյուս ամիսներին։
Եւ այս մանիպուլյատիվ թվերը հայտարարում է Նիկոլ Փաշինյանը՝ «միամտաբար» ավելացնելով պոպուլիզմի չափաբաժինն իր խոսքում, որ «պողոսները» տեսնեն ու ծափահարեն, թե ինչ մեծ թվերով է աճել Հայաստանում աշխատավարձը իրենց բերած հեղափոխությունից ի վեր։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ, լինելով տնտեսագետ, այդ ամենը չի տեսնում կամ չի հասկանում, իսկ եթե հասկանում էլ է, ուղղակի չի համարձակվում ուղղել Փաշինյանին, հակառակը՝ պոպուլիզմի լրացուցիչ չափաբաժինն է իր կողմից ավելացնում․ «Մեր հաշվարկներով մոտավորապես 15 տոկոսով է միջին աշխատավարձը աճել և կազմել է մոտավորապես 260 հազար։ Բայց ի՞նչն ա կարևոր, որ էս տարի միջին աշխատավարձը բարձրացել է 15 տոկոսով, էն դեպքում, երբ գնաճը կազմել ա 2 տոկոս։ Այսինքն՝ անցած տարվա հետ համեմատած, երբ որ մենք ունեինք բարձր աշխատավարձերի աճ և բարձր գնաճ, հիմա ունենք բարձր աշխատավարձերի աճ և ցածր գնաճ, ինչը նշանակում է, որ աղքատության մակարդակի զգալի կրճատում կունենանք էս տարի»։
Նիկոլ Փաշինյանը նորից կրկնեց իր սխալը, որ 2023 թվականի դեկտեմբերի աճի համեմատականը 2018 թվականի մայիսի նկատմամբ է։
Ու միակ կոմպետենտ և համարձակ մարդը, իրենց լեքսիկոնով ասած՝ «դուխով տղան», փաստորեն, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էր, որ «հանդգնեց» ուղղել «պարոն վարչապետին» և սխալ հանեց վարչապետին անվերապահ հաճոյացող Քերոբյանին։
«Ուղղակի պարոն Քերոբյանի դիտարկումները, որպեսզի պարզաբանեն, մի առանձնահատկություն ունի. դեկտեմբերը, կարող է տարվա մնացած ամիսների նկատմամբ ավելի բարձր լինել, որովհետև տարեվերջին ամիսն է, բազմաթիվ կազմակերպություններ ինչ-որ տարեվերջյան պարգևավճարներ են տալիս, և դա միջինի վրա ազդում է, եթե համեմատում ենք։ Դեկտեմբերը դեկտեմբերի հետ համեմատելը ճիշտ է, միանգամայն, որովհետև նույն երևույթը տեղի է ունենում նախորդ դեկտեմբերին»,-ասաց Տիգրան Խաչատրյանը։
Հիմա հարց է առաջանում, թե ո՞վ էր այս սխալ համեմատականներով մանիպուլյացիոն թվերը տրամադրել Նիկոլ Փաշինյանին կամ, այսպես ասած, ո՞վ էր խաբել այս «ազնիվ մարդուն»։ Այս հարցի պատասխանը կճշտենք լրացուցիչ։
Վահե Մակարյան