Եթե գոհ չեն՝ չեմ նշանակվի․ Արամ Ազատյանը՝ Արաբկիր թաղապետ վերանշանակվելու մասին

Ո՛չ կարող եմ հաստատել Ձեր ունեցած տեղեկությունը, ո՛չ էլ հերքել։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը՝ անդրադառնալով նույն պաշտոնին վերանշանակվելու մասին մեր ունեցած տեղեկությանը։
«Միայն կասեմ, որ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելը շատ բարդ ու պատասխանատու աշխատանք է։ Իմ աշխատանքի գնահատականը ես չէ, որ պետք է տամ։ Պաշտոնավարման ժամանակահատվածում, եթե լավ եմ աշխատել, ապա կնշանակեն, եթե գոհ չեն եղել աշխատանքիցս՝ ուրեմն չեմ նշանակվի»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանի՝ Երևանի քաղաքապետ ընտրվելուց հետո ակտիվ քննարկվում է Երևանի վարչական շրջանների ղեկավարների փոփոխության կամ վերանշանակման հարցը։ Այս պահին քաղաքային իշխանությունը դեռ գաղտնի է պահում հավանական թեկնածուների անունները։
Լիաննա Թորոսյան