Գնացին ու չեկան. 2 հարազատ եղբայր` պայթյունի հերթական զոհերը

Գնացին ու չեկան. 2 հարազատ եղբայր` պայթյունի հերթական զոհերը

Լուսանկարում Գևորգ և Դավիթ Մանուչարյան եղբայրներն են, Արցախի Ասկերան քաղաքից։

Պատերազմից առաջ ընտանիքներ են կազմել, 2-ական երեխաներ ունեին, առանձին բնակարաններ, երջանիկ կյանք ու բազում երազանքներ։ 

Երազանքների ու այդ երջանկության մասին հիմա անցյալով ու երանությամբ են խոսում։ Դա տևեց մինչ այն պահը, երբ տեղահանության ընթացքում Արցախում վառելիքի պահեստում պայթյուն տեղի ունեցավ։ Եղբայրները ևս այդ տարածքում էին։ 

Ինչպես բոլորի դեպքում, նրանք ևս իրենց ընտանիքները տարհանելու նպատակով գնացել էին բենզին բերելու։ «Գնացին ու չեկան»,- ասում է նրանց ավագ եղբայրը Կարենը, ով ընկերների ու հարազատների հետ մեկ ամիս շարունակ եղբայրներին փնտրել է վիրավորների մեջ, ապա զոհվածների ցանկում։ Մի քանի օր առաջ դատաբժշկական և գիտագործական փորձաքննությամբ հաստատվեց նրանց ինքնությունը։

«Ցավը ևս պիտի սահման ունենա: Սա մեր ընտանիքի համար մեծ ողբերգություն է։ Ընդհատվեց նրանց կյանքը, եղբայրներս կրակի բաժին դարձան, 4 երեխա որբացավ, ինչի՞ համար, ու՞մ մեղքով»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Կարենը։ 

Գևորգն ու Դավիթը երազում էին խաղաղ հայրենիք ունենալու մասին, դրա համար մասնակցել են արցախյան բոլոր պատերազմներին, ընդ որում՝ Դավիթը պաշտպանության բանակում ծառայել է երկար տարիներ։ Անցել են և՛ պատերազմական, և՛ երկրում ստեղծված իննամսյա շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի փորձություններով։ Մտածում էին միայն ապագայի մասին, որ իրավիճակ կփոխվի, կյանքը կլավանա, բայց անսպասելի պայթյունը խեղեց նրանց ու հարյուրավորների ճակատագրերը։ 

Դավիթի կինը՝ Օքսանան 2020 թվականի պատերազմում կորցրել է կրտսեր եղբորը՝ Արտաշեսին, հիմա ինքն իրեն հարց է տալիս, թե ո՞ր մեղքերի համար վճարեցին այսքան թանկ։

«Դավիթի ու Գևորգի կորուստը կրկնակի հարված էին մեր ընտանիքի համար։ Փոշիացան ևս 2 երիտասարդ ընտանիքի երազանքներ, հույսեր, նպատակներ։ Կորցրեցինք ամեն ինչ։ Սարսափելին այն է, որ չգիտես՝ կվերադարձնե՞ս մի օր կորցրածդ, թե՞ ոչ։ Բայց սիրելի մարդիկ այլևս չեն վերադառնում գնալուց հետո, իսկ նրանց հետ անհետանում է և՛ անցյալդ, և՛ ապագադ»,- Մանուչարյանների ընտանիքի ու իր կորստի մասին է պատմում Օքսանան՝ նշելով, որ պարտավորված դիմանում են հանուն երեխաների, հանուն տղաներ կորցրած ծնողների։ 

Գևորգի ու Դավիթի ընտանիքները ծնողների հետ ապրում են Երևանում։ Թե ինչ է լինելու հետո, ուր է տանելու ճանապարհը, առայժմ անորոշ է։ Հստակ է մի բան, որ գերեզմանների մոտ սգալու և սփոփվելու տեղ ունեն։

Հունան Թադևոսյան