Միջազգային քաղաքականության մեջ ամեն ինչ հիմնված է շահերի վրա եւ ուժային հարաբերությունների վրա, բայց մեզ մոտ դա ընդունված չէ ճանաչել: Այս մասին «Աշխարհում ընթացող գործընթացների ազդեցությունը Հայաստանի վրա» թեմայով քննարկման ժամանակ նշեց քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը:
«Մենք ավելի էմոցիոնալ ենք մոտենում եւ ոգեւորվում ենք էմոցիոնալ ժեստերից: Հիշենք Փելոսիի այցը, խոստումներ էին տրվում, որ նա մեզ կպաշտպանի, անգամ փրկիչ բառն էր օգտագործվում: Ոչինչ դրանից հետո չեղավ: Ինչ վերաբերում է Ֆրչանսիային, երկու տարի առաջ Ֆրանսիայի Սենատը որոշում ընդունեց, որտեղ կոչ արեց, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի Հանրապետությունը: Դա ոչ մի հետեւանք չունեցավ: Հետո եղավ Մակրոնի շատ գեղեցիկ ճառը, որտեղ ասաց, որ Հայաստանի ու հայերի կողքին է եւ հայերին մենակ չի թողնի, եւ ուղարկեցին դիտորդներ, որոնք դեռ այստեղ են: Մի քանի օր առաջ սահմանին սպանվեց զինծառայող, Արցախում հարձակում եղավ բնակիչների վրա, ի՞նչ արեցին դիտորդները, ոչինչ»,-ասաց նա:
Անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի բանաձեւին, որը կոչ է անում կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, Արթուր Խաչիկյանն ասաց, որ այդ որոշումը կունենա բարոյական, քաղաքական ինչ-որ նշանակություն, բայց չի կարծում, որ բերի որեւէ ռեալ գործողությունների. «Երկրի արտաքին քաղաքականությունը որոշում է երկրի ԱԳՆ-ն: Եթե հիշում եք, Վալերի Բուայեն հարց ուղղեց Ֆրանսիայի ԱԳ նախարարին՝ դուք ռազմական օգնություն ցուցաբերելո՞ւ եք Արցախին, այնտեղ կարող է լինել նոր ցեղասպանություն: Նախարարը խուսափեց այդ հարցից՝ ասելով, որ դիտորդներ են ուղարկելու»,-ասաց նա:
Արթուր Խաչիկյանը նաեւ նկատեց, որ մենք՝ հայերս, մեզ համարում ենք աքսորված եվրոպացիներ. «Մենք սիրում ենք Արեւմուտքը, բայց ապրում ենք Արեւելքում, դա ստեղծում է բիպոլյար ինքնությունը, որի հետ չենք կարողանում համակերպվել: Մենք կարծում ենք, որ ապրում ենք եվրոպական ստանդարտներով, բայց ապրում ենք այստեղ: Մենք չենք կարողանում համատեղել մեր ճաշակները, մեր համակրանքը դեպի Եվրոպան մեր ռեալ աշխարհագրական դիրքի հետ: Այսդ խնդիրների մեծ մասը այդտեղից է ծագում»,-ընդգծեց նա:
Խաչիկյանն անդրադարձավ նաեւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերեն Դոնֆրիդի հայտարարությանը, ով նշել էր. «Ադրբեջանին տրվող օգնությունը համապատասխանում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերին: Օգնությունը նախատեսված է Ադրբեջանի սահմանների անվտանգության ապահովմանը եւ արդյունքներ է տվել Իրանից եկող սպառնալիքների հակադարձմանը: Այդ թվում խաթարել է Հարավային Կովկասով, Իրանով եւ Ռուսաստանով անցնող մաքսային երթուղիները»:
Այս առնչությամբ նա ասաց. «Պետքարտուղարության ներկայացուցիչն ասում է, որ ԱՄՆ շահերից բխում է Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելը, այսինքն ստացվեց, որ տարածաշրջանում դեմոկրատական պետությունը ոչ թե մենք էինք, այլ Ադրբեջանը: Սա եւս մի դաս է այն մարդկանց համար, որոնք մինչեւ հիմա այդ ռոմանտիկ միամտությամբ կարծում եմ, որ միջազգային հարաբերություններում ոչ թե շահն ու ուժն են հարց լուծում, այլ դեմոկրատ կամ ոչ դեմոկրատ լինելը, մարդու իրավունքները: Արեւմուտքի կողմից ոչ մի զուգահեռ չի տարվում Արցախի եւ Կոսովոյի միջեւ, նրանց հետաքրքրում է Իրանին սնանկացնելը, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերելը»:
Նյութի աղբյուրը՝ NEWS.am