Հայաստանում բնակարանների գների թռիչքային աճը կրում է սպեկուլյատիվ բնույթ

Հայաստանում բնակարանների գների թռիչքային աճը կրում է սպեկուլյատիվ բնույթ

2022 թվականի մայիսին գրանցվել են ռեկորդային թվով անշարժ գույքի գործարքներ(վերջին 12 տարիների համեմատ), մասնավորապես՝ Հայաստանում մայիսին կատարվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցվման 17882 գործարք, որը նախորդ տարվա մայիսի նկատմամբ ավելի է 10,8 տոկոսով կամ 1739-ով, իսկ 2022 թվականի ապրիլի համեմատ գործարքների թիվն ավելացել է 7,1 տոկոսով կամ 1178-ով։

Միաժամանակ, կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներով ՀՀ-ում 2022 թվականի մայիսին անշարժ գույքի նկատմամբ գրանցված գործարքների առավել բարձր տոկոսաչափը գրանցվել է Երևանում՝ 31,7, իսկ առավել ցածրը՝ Վայոց ձորի մարզում՝ 2 տոկոս։

Անշարժ գույքի շուկայում ակտիվությանը նպաստել են մի շարք գորոններ, մասնավորապես՝ պետության վարած մատչելի հիպոթեքային վարկերի քաղաքականությունը, որի արդյուքնում բնակարան ձեռք բերելու համար անհրաժեշտ սկզբնական վճարի չափը հասցվել է 8 տոկոսի։ Անշուշտ, եկամտային հարկի վերադարձը շարունակում է մեծ աշխուժություն ապահովել անշարժ գույքի շուկայում, դրանով է պայմանավորված Երևանի շինարարական բումը։ Բացի այդ, արդեն մեկ տարի է, որմարզերում բնակվող երիտասարդ ընտանիքները երեխայի ծննդի փաստով կարող են ստանալ իրենց հիպոթեքային վարկի մայր գումարի մի մասը մարելու հնարավորություն։ Միաժամանակ, անշարժ գույքի նկատմամբ մեծ պահանջարկ է գեներացրել ռուս զբոսաշրջիկների հոսքը, ինչի հետևանքով կտրուկ բարձրացել են բնակարանների վարձակալության վճարները։

2022 թվականի մայիսին Հայաստանում գրանցվել է անշարժ գույքի առուվաճառքի աննախադեպ՝ 5074 գործարք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի շատ է 13,4 տոկոսով կամ 598-ով։ Առքուվաճառքի ամենաբարձր ակտիվությունը նկատվել է Երևանում, Կոտայքի և Տավուշի մարզերում։

Երևանում 2022 թվականի մայիսին անշարժ գույքի առուվաճառքի առավել բարձր ակտիվությունն արձանագրվել է Արաբկիրում՝ 18,6 տոկոս, իսկ ամենացածրը՝ 0,6 տոկոս Նուբարաշենի վարչական շրջանում։

Ուշագրավ է, որ 2022 թվականի մայիսին 2021-ի մայիսի համեմատ բազմաբնակարան բնակելի շենքերում բնակարանների առուվաճառքի թիվն ավելացել է 40,5 տոկոս։ Այս դեպքում ևս ամենակտիվ վարչական շրջանն Արաբկիրն է, իսկ ամենապասիվը՝ Նուբարաշենը։

Մայրաքաղաքում 2022 թվականի մայիսին բազմաբնակարան բնակելի շենքերում բնակարանների ամենաբարձ միջին գինը գրանցվել է Կենտրոնում՝ 1 քմ-ի արժեքը 948 000 դրամ(աճել է 25,6 տոկոսով), իսկ ամենացածրը՝ Նուբարաշենի վարչական շրջանում՝ 195 000 դրամ(աճել է 14,8 տոկոսով)։1 քմ-ի հաշվով 20 տոկոսից ավելի բնակարանների միջին գներն աճել են Կենտրոն, Արաբկիր, Էրեբունի և Դավթաշեն վարչական շրջաններում։ Ամենացածր գնաճ է արձանագրվել Նոր-Նորքում և Աջափնյակում։

Բնակարանների գների զգալի աճ է գրանցվել նաև մարզային քաղաքներում։ Մասնավորապես՝ 2022 թվականի մայիսին(Ծաղկաձորը չհաշված) բնակարանի ամենաբարձ գինը եղել է Աբովյան քաղաքում՝ 1 քմ 250000 դրամ (աճել է 25,9 տոկոսով), իսկ ամենացածրը՝ Թումանյանում՝ 23 500 դրամ(աճել է 17,5 տոկոսով)։ 1 քմ-ի հաշվով 30 տոկոսից ավելի բնակարանների միջին գներն աճել են Վաղարշապատում, Վանաձորում, Սպիտակում, Գավառում և Գյումրիում։

Ամփոփելով՝ արձանագրենք, որ անշարժ գույքի ակտիվությունը հիմնականում պահպանվում է Երևանում, որն էլ ավելի է խորացնում տարածքային համաչափ զարգացման և մարդկանց ներքին տեղաշարժը՝ դատարկելով մարզերը, գյուղերը։ Վերջին ամիսների ընթացքում հիպոթեքային շուկայի ակտիվություննու անշարժ գույքի գների թռիչքաձև աճը համահունչ չէ Հայաստանի բնակչության սոցիալ-տնտեսական պայմաններին, այն ունի սպեկուլյատիվ բնույթ, որը խթանում է բանկային համակարգը։

Արամ Աճեմյան