Պապիկյանի բերած հիմնավորումները ԳՇ պետի մասով առնվազն անտրամաբանական էին․ Մանգասարյան

Պապիկյանի բերած հիմնավորումները ԳՇ պետի մասով առնվազն անտրամաբանական էին․ Մանգասարյան

Խորհրդարանն այսօր արտահերթ նիստով ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ի պաշտոնե կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: 

Ի՞նչ ռիսկեր է պարունակում ընդունված նախագիծը։ Թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանի հետ։

Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարի բերած հիմնավորումները, թե ինչու է նման առաջարկ արվում, մեղմ ասած, լուրջ չեն։

«Սուրեն Պապիկյանը նշեց, որ խնդրահարույց է, երբ ՊՆ շենքում հանդիպում են տարբեր համազգեստով մարդիկ․ մի մասի կրծքին գրված է ԳՇ, մյուս մասինին՝ ՊՆ։ Դա, ըստ նախարարի, մեծ խնդիր է, և այս օրենքի նախագիծը բերելու համար լուրջ պատճառ»,- ասաց Մանգասարյանը։

Փորձագետը հիշեցրեց, որ համազգեստի հետ կապված փոփոխությունները տեղի են ունեցել հենց այս իշխանությունների օրոք։ Մանգասարյանը մեջբերեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքը, թե այդ համազգեստները նման են ձկնորսի համազգեստի։

«Այս հիմնավորումը, ինչպես նշեցի, անտրամաբանական է»,- նկատեց փորձագետը։

Վիտալի Մանգասարյանի դիտարկմամբ՝ հաջորդ հիմնավորումը, թե օրենքը պետք է ընդունվի նախքան ԳՇ պետի նշանակումը, ևս հասկանալի չէ։

«Մենք մոտ հինգ ամիս է՝ չունենք ոչ ԳՇ պետ, ոչ ռազմական հետախուզության պետ։ Տեսեք, երկրի թիվ մեկ զինվորական ծանր պաշտոն է ԳՇ պետի պաշտոնը և այն ենթադրում է մոտ հինգ ամիս ժամանակ, որ մարդը ծանոթանա նրբություններին, բոլոր գաղտնիքներին։ Ու եթե անգամ վաղը ունենանք ԳՇ պետ, մենք բացի անցած հինգ ամիսը, ևս հինգ ամիս ուշացած ենք լինելու»,- նկատեց փորձագետը։

Ըստ Մանգասարյանի՝ հատկապես անհասկանալի է այս ամենը, եթե հաշվի առնենք, որ իշխանությունն անընդհատ բարձրաձայնում է, որ Ադրբեջանը լեգիտիմ հիմքեր է ստեղծում նոր պատերազմ սկսելու համար։

«Այս տրամաբանության մեջ մենք ունենում ենք պաշտպանության ոլորտում հետ ընկած իրավիճակ»,- եզրափակեց խոսքը ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը։

Նարե Գևորգյան