Փոխնախարարին ևս մտահոգում է բարձր երաժշտությամբ վարողների վարքը, բայց դեռ լուծում չեն տալիս խնդրին (տեսանյութ)

Ոստիկանությունը ոչ մի կերպ չի կարողանում քաղաքում կարգուկանոն հաստատել՝ առնվազն անկարգ ու անկանոն վարողների մասով։ Հատկապես ամառվա այս ամիսներին ամեն օր կարելի է հանդիպել հիմնականում սպիտակ ու սև «Նիվաներով» կամ Lada Priora-ներով, բարձր ու անճաշակ երաժշտություն միացրած մայրաքաղաքի կենտրոնում զվռնո բիոզանգվածի, որոնք իրենց մեքենաներից արձակած ձայներով խաթարում են մարդկանց անդորրը։ Ու այս ամենը տեղի է ունենում պարեկների աչքի առջև, որոնք ոչ մի քայլ չեն ձեռնարկում, որ այս փնթի, անշնորհք ու քաղաքակիրթ երկրին ոչ հարիր վիճակը կանխվի։
ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը MediaHub-ի հետ զրույցում խոստովանեց, որ իրենց էլ դուր չի գալիս այս վիճակը, անգամ քննարկում են ունեցել այս թեմայով նախարարությունում, բայց ինչպես հասկացանք՝ դեռ որևէ լուծում չկա, իրենց կատարած քայլերն էլ արդյունք չեն տալիս։
«Իրականում, շատ ողջամիտ հարց եք բարձրացնում, որովհետև երեկ ևս մենք ներքին քննարկում ենք ունեցել նախարարությունում, ևս մեզ համար ևս մտահոգիչ է, որ մեքենա վարելու, ճանապարհային երթևեկության կանոնները ընդհանրական ստանդարտ, մշակույթ մեր հանրապետությունում դեռ չկա, և մենք ականատես ենք լինում, որ տարբեր դրվագներով բացահայտ խախտումներ են իրականացվում թե՛ մեր քաղաքացիների կողմից, թե՛ այստեղ հանգստացող անձանք կողմից։ Եւ այստեղ պարեկային ծառայությունը ևս ուժեղացված հսկողություն է սկսել այս խումբ դեպքերի մասով, և, հատկապես, ավելի բարձր երաժշտությամբ վարող վարորդների նկատմամբ ավելի խիստ մոտեցում է լինելու, որովհետև մենք ևս բազմաթիվ ահազանգեր ստանում ենք քաղաքացիներից»,- ասաց Արփինե Սարգսյանը։
Նա նաև նկատեց, որ ճանապարհային երթևեկության կտրվածքով խնդիրներն ավելի ինտենսիվացել են նաև այն պատճառով, որ կրկնակի շատացել են տրանսպորտային միջոցները Հայաստանում, այդ թվում՝ Արցախից Հայաստան բռնի տեղահանված անձանց մեքենաների հաշվին։
ՆԳ փոխնախարարը թեև ընդունեց, որ կա խնդիր, որն իրենց էլ է մտահոգում, բայց չառաջարկեց որևէ ռեալ լուծում, և մենք այսօր էլ տեսնում ենք, որ չնայած պարեկային ծառայությունը իբրև թե ուժեղացված ծառայություն է իրականացնում, սակայն արդյունքը որևէ կերպ չենք տեսնում՝ փողոցի խուժանը շարունակում է խաթարել քաղաքակիրթ քաղաքացիների անդորրը հենց պարեկների աչքի առջև։
Մանրամասն՝ տեսանյութում
Վահե Մակարյան