Թալանել են Տիգրան Արզաքանցյանի գործարանը

Թալանել են Տիգրան Արզաքանցյանի գործարանը

Երկու օր առաջ Հրազդանում թալանել են ԱԺ նախկին պատգամավոր, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանին պատկանող գործարանը։

MediaHub-ին ՆԳՆ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը փոխանցեց, որ հոկտեմբերի 29-ին, ժամը 15.40-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանություն «Լեռնային Հարստություն» ՍՊԸ պատասխանատուից ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասում գտնվող ավտոպարկի շենքից, դարպասի փականը կոտրելու միջոցով, գողացել են էլ.շարժիչներ և էլ. բաշխիչ տուփեր:

«Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 9-ից մինչև հոկտեմբերի 29-ը ժամը 11.30-ն ընկած ժամանակահատվածում դարպասի փականը կոտրելու միջոցով մուտք են գործել Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասի ավտոպարկ կոչվող տարածքում գտնվող «Լեռնային Հարստություն» ՍՊԸ-ին պատկանող ոսկու վերամշակման չգործող արտադրամաս, որտեղ տեղադրված սարքավորումների վրայից գողացել են տարբեր չափերի ու հզորությունների էլեկտրական շարժիչներ, հոսանքի վահանակներ և պարկերով ոսկու չմշակված հումք՝ պատճառելով գույքային վնաս: Հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն»,- փոխանցեց նա։

MediaHub-ը փորձեց կապ հաստատել Տիգրան Արզաքանցյանի կամ վերջինիս տիկնոջ՝ Նատալյա Արզաքանցյանի հետ, սակայն վերջիններս երկրում չեն: 

Ըստ շրջանառվող լուրերի՝ Արզաքանցյանի ընտանիքը այս հանցագործության հետևանքով կրել է շուրջ 100 մլն դոլարի վնաս։ 

Լիաննա Թորոսյան