Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի. նախագահի խորհրդական

Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի: Դրա համար հիմք է հանդիսանում նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, խորհրդարանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, իրավապահ մարմինները, Ստեփանափակերտի քաղաքապետը ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտոնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության։ Այս մասին MediaHub-ին հայտնեց Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը:
Նա նշեց, որ Արցախի նախագահի այդ հրամանագրում նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Արցախի Հանրապետության անունից տրվող փաստաթղթերը վավերական են, ինչը կարող ենք համարել, որ Սամվել Շահրամանյանը չեղարկել է իր սեպտեմբերի 28-ին ստորագրած հրամանագիրը։
«Արցախի Հանրապետությունը, կառավարությունը և մնացած բոլոր մարմինները 2024-ից հետո շարունակելու են իրենց գործունեությունը»,- շեշտեց մեր զրուցակիցը։
«Կարող ենք համարել, որ այլևս սեպտեմբերի 28-ի հրամանագիրը գոյություն չունի»,- հավելեց մեր զրուցակիցը։
Լիաննա Թորոսյան