Ով է Հայկ Մարությանի թիմակիցը, ՔՊ-ականներն այսօր կհավաքվեն, Զորքերի ամենամեծ տեղաշարժն է գրանցվել․ Մամուլը՝ սուրճով

Ով է Հայկ Մարությանի թիմակիցը, ՔՊ-ականներն այսօր կհավաքվեն, Զորքերի ամենամեծ տեղաշարժն է գրանցվել․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Երեւանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված է նաեւ իրավապաշտպան, կենդանիների պաշտպան Նարե Արամյանը՝ ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի դուստրը:

Վերջինս հայտնի է «Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուից որպես փորձագետ, որը պարբերաբար մասնակցում է հաղորդումներին: Նարե Արամյանը նաեւ Պատանեկության ստեղծագործական կենտրոնի հիմնադիրն է: «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում բազմիցս անդրադարձել է կենտրոնի գործունեությանը: Դեռ 2021թ.-ին գրել էինք, որ աշխատակիցները շատ դժգոհ են այնտեղ ստեղծված իրավիճակից. նրանք պնդում էին, որ 10 տարի շարունակ Նարե Արամյանը պատշաճ չի վճարում իրենց աշխատավարձերը եւ զբաղվում է անօրինականություններով: Ինչպես աշխատակիցներն էին մեզ հետ զրույցում ահազանգել, կենտրոնի բոլոր փաստաթղթերը, պայմանագրերը կեղծված են, իսկ տնօրեն Նարե Արամյանը մեծ կոռուպցիայի մեջ է ներքաշված:

Պարզվում է, որ Պատանեկության ստեղծագործական կենտրոնում կրկին բարձիթողի վիճակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է աշխատակիցներից ահազանգեր ստանալ, որ խնդիրը 2 տարի անց էլ դեռ չի լուծվել: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցեց Նարե Արամյանի հետ՝ ստանալու նրա պարզաբանումը, թե ինչու է այդ իրավիճակը կենտրոնում: Պարզվում է, որ վերջինս արդեն մեկ տարի է, ինչ չի զբաղեցնում Պատանեկության ստեղծագործական կենտրոնի տնօրենի պաշտոնը, իսկ թե որն է պատճառը, մեզ հետ զրույցում նա նշեց, որ աշխատանքային պայմանագիրը լուծարվել է.

«Աշխատավարձի հետ կապված խնդիրները կազմակերպությունները չեն լուծում. դա Երեւանի քաղաքապետարանի խնդիրն է: Այստեղ էական չէ՝ ով է տնօրենը, կազմակերպությունը չի կարող պարտասխանատվություն կրել դրա համար, քանի որ քաղաքապետարանի տիրույթում է: Իսկ թե ինչու մինչ այսօր դժգոհություններ կան, այդ հարցով նոր տնօրենին պետք է դիմել, բայց եթե անգամ նրան էլ դիմեք, դուք գիտեք, որ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների դեպքում պատասխանատուն համայնքային գերատեսչություններն են», -ասաց նա:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Իշխանականները տեւական դադարից հետո այսօր կրկին կհավաքվեն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը խմբակցության նիստ կանի ԱԺ-ում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ արդեն մեկ ամիս է, ինչ իշխող ուժը ո՛չ վարչության, ո՛չ էլ խմբակցության նիստեր չի անում, քանի որ տարված է բացառապես քարոզարշավի հետ կապված հարցերով ու նիստերի ժամանակ չունի:

Երկուշաբթի օրը մեկնարկելիք ԱԺ նիստերը, սակայն, կրկին «կմիավորեն» ՔՊ-ականներին, եւ այսօր երեկոյան նրանք կհավաքվեն՝ խմբակցության նիստի: Ինչպես իշխանական մեր աղբյուրներն են փոխանցում, նիստին քննարկվելու են բացառապես առաջիկա ԱԺ նիստերի օրակարգի, իշխանության պահվածքի, ինչպես նաեւ քարոզարշավի հետ կապված հարցեր:

Չնայած Հայաստանի ու Արցախի սահմաններին տիրող լարված վիճակին՝ անվտանգային հարցերը չեն քննարկվելու ՔՊ նիստին: Ստացվում է՝ հայրենի իշխանականները ամեն ինչի ժամանակ ունեն՝ խնջույքների, քարոզարշավի, բայց մոռացել են իրենց բուն պարտականությունների մասին, այն է՝ երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելը. նրանց համար առաջնայինը միայն նեղ կուսակցական հարցերն են:

Նույն պահին Ադրբեջանում մոբիլիզացիա է, եւ Հայաստանի ու Արցախի սահմանին ուժեր են կուտակվում թշնամու կողմից:

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանին պատկանող «Բիդեկ» ընկերությունն Էջմիածնի քաղաքապետարանից խոշոր տենդեր է շահել։ Խոսքն Էջմիածին քաղաքի թիվ 6 «Արեւիկ» մանկապարտեզի հիմնանորոգման եւ կառուցման աշխատանքների մասին է, որի համար Էջմիածնի համայնքապետարանը Դավիթ Սեդրակյանի ընկերությանը փոխանցել է 725 մլն դրամ, ինչը կազմում է մոտ 1 մլն 883 հազար դոլար։

Էջմիածնի համայնքապետարանն ընկերության հետ պայմանագիրը կնքել է օգոստոսի 18-ին, աշխատանքները պետք է ավարտվեն 2024 թվականի օգոստոսի 11-ին։ Հիշեցնենք, որ Դավիթ Սեդրակյանը «Հայաստան» դաշինքի կազմում պատգամավոր էր ընտրվել 2021 թվականի ընտրությունների արդյունքներով, սակայն ամիսներ անց՝ օգոստոսի 22-ին, մանդատը վայր դրեց, ինչից հետո Սեդրակյանների ընկերությունը սկսեց պետության կողմից հայտարարված խոշոր մրցույթներ շահել»:

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սեպտեմբերի 6-ին Արցախի նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանն աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել, որի օրակարգում Արցախում ստեղծված իրավիճակն էր: Մասնակցել են պետնախարար, նախագահի թեկնածու Սամվել Շահրամանյանը, ուժային կառույցների, ինչպես նաեւ ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարները:

Չնայած պաշտոնական հաղորդագրության մեջ ընդամենը 1 տող է սահմանային իրավիճակի մասին. «Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրավիճակի եւ Արցախի անվտանգության եւ պաշտպանության ապահովման ուղղությամբ կատարվող քայլերի մասին զեկուցել է պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը», սակայն սա եղել է քննարկման գլխավոր թեման։ Մեզ ասացին` արձանագրել են, որ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո զորքերի ամենամեծ տեղաշարժն է գրանցվել Արցախի սահմաններին։ Վերջին օրերին ադրբեջանական մեդիատիրույթը ողողված է զորքի տեղաշարժի, զինտեխնիկա կուտակելու մասին լուրերով եւ տեսանյութերով»: