Դեմարշը շարունակվո՞ւմ է. Ալեն Սիմոնյանը չի մեկնել Բիշքեկ

Դեմարշը շարունակվո՞ւմ է. Ալեն Սիմոնյանը չի մեկնել Բիշքեկ

Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Բիշքեկում ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) աշնանային նստաշրջանի շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել Համագործակցության երկրների խորհրդարանների պալատների ղեկավարների հետ։

Քննարկվել են Միջխորհրդարանական վեհաժողովի ընթացիկ օրակարգի հարցերը, ԱՊՀ երկրների գործընկերների հետ երկկողմ և բազմակողմ փոխգործակցության զարգացումը, երկրների միջև տնտեսական և միջտարածաշրջանային կապերի ամրապնդմանը։ 

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Մատվիենկոն նաև երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանների նախագահների հետ... բացառությամբ Հայաստանի, քանի որ Ալեն Սիմոնյանը Բիշքեկ չի մեկնել:

MediaHub-ի հարցին ի պատասխան, ինչո՞ւ ԱԺ նախագահը չի մեկնել Բիշքեկ, վերջինիս խոսնակ Ծովինար Խաչատրյանը նշեց.

«Ալեն Սիմոնյանի փոխարեն այս պահին Բիշքեկում է գտնվում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, քանի որ Ազգային Ժողովը պատրաստվում է ընդունել ԵԱՀԿ ԽՎ հերթական նիստը, որին մասնակցելու է 57 երկիր: Եվ դրա հետ կապված կազմակերպչական աշխատանքներով պայմանավորված Ազգային Ժողովի նախագահը չի մեկնել Բիշքեկ»,- ասաց Ծովինար Խաչատրյանը:

Նա ավելացրեց, որ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ղրղզստանի խորհրդարանի կազմավորման 85-ամյակը, ինչպես նաև հետևում է բիշքեկյան քննարկումներին:

 

Ռեբեկա Հովհաննիսյան