Փաշինյանի «ՀԺ»-ն հերքում է Փաշինյանին

Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթը շարունակում է «Հավաստի աղբյուր» ակցիան։ Շարքի երկրորդ մասն է հրապարակվել, որտեղ հստակ հակառուսական նոտա է նկատվում։
Մեջբերենք հրապարակումից մի հատված, որում նշվում է․
«ՌԴ գործողությունների իմաստը հետևյալն է՝ ցույց տալ Հայաստանի անվտանգային խոցելիությունը, որպեսզի վերջինս րոպե առաջ դիմի «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության մաս դառնալու համար։ Այս տրամաբանությունը զարգացնելու քայլերը Ադրբեջանի ագրեսիվությունն է, ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքի իներտությունը, Ռուսաստանի քաղաքական իներտությունը և Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելը»։
Փաստացի, փաշինյանապատկան թերթը ևս մեկ անգամ հրապարակում է, որ մեր դաշնակից ՌԴ-ն մեզ զենք տրամադրելու պարտավորությունները չի կատարում։ Սա առաջին դեպքը չէ, որ նման հայտարարություն է հնչում։
Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ փող կա, զենք վաճառող՝ չկա։ Կառավարության վերջին նիստում էլ հայտարարեց, որ 100 միլիոնավոր դոլարներ վճարել ենք, բայց մեր դաշնակիցները զենքը չեն տալիս։
ՌԴ-ից զենքի մատակարարման վերաբերյալ MediaHub.am-ը հարցում էր ուղարկել ՊՆ, որտեղից նշել էին, որ ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը իրականցվում է կնքված պայմանագրերին համապատասխան, ՀՀ զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումները երևբևէ չեն ընդհատվել։
Դրանից հետո, Հ1-ի եթերում, Փաշինյանն արձագանքեց ՊՆ այս պատասխանին, նշելով, որ ինքը դաշնակցի մասին է խոսում, ՌԴ-ի անունը չի տվել։
Սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանը հակասում է ինքն իրեն՝ հաշվի առնելով տվյալ պահի շահն ու նպատակահարմարությունը։ Եվ այս դեպքում էլ, ռազմավարական գործընկերոջն ինչ-որ հավաստի աղբյուրի անվան տակ հարվածելը խոսում է րոպեական շահի մասին, որը ևս, շատ հավանական է, Փաշինյանի կողմից հերթական անգամ ժխտվի, ինչպես, օրինակ, պատերազմի հետևանքների պատասխանատու-մեղավոր բառախաղի ժամանակ, կամ փաստաթուղթ ստորագրելու մասին ԱԺ ամբիոնից հայտարարելու, ապա ֆեյսբուքյան լայվով այն հերքելու դեպքում։
Նարե Գնունի