ԵՄ-ն կառաջարկի մինչեւ տարեվերջ աստիճանաբար հրաժարվել ռուսական նավթից․ Bloomberg

Եվրամիությունը մտադիր է մինչեւ տարեվերջ ռուսական նավթի մատակարարումների արգելք սահմանել, իսկ մինչ այդ ներմուծման սահմանափակումները աստիճանաբար կմտցվեն, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Եվրամիությունը նաեւ կպահանջի, որպեսզի Ռուսաստանից եւ Բելառուսից ավելի շատ բանկեր անջատվեն SWIFT միջազգային վճարային համակարգից, այդ թվում՝ «Սբերբանկը», ասել են աղբյուրները: ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան ավելի վաղ պատժամիջոցներ են կիրառել «Սբերբանկ»-ի դեմ, որը Ռուսաստանի խոշորագույն ֆինանսական ինստիտուտն է։
«Նոր պատժամիջոցների մասին որոշումը կարող է ընդունվել արդեն հաջորդ շաբաթ՝ դաշինքի դեսպանների հանդիպման ժամանակ։ Առաջարկվող միջոցները, որոնք կկազմեն ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, դեռ պաշտոնապես չեն ներկայացվել եւ կարող են փոխվել մինչ դա տեղի կունենա:
ԵՄ պատժամիջոցների հաստատման համար պահանջվում է բոլոր 27 անդամ երկրների աջակցությունը, իսկ որոշ երկրներ, օրինակ՝ Հունգարիան, արդեն վաղուց դիմադրում են ռուսական նավթի դեմ ուղղված միջոցառումներին: Այս շաբաթ Bloomberg-ը հաղորդել է, որ Գերմանիան, որը նույնպես նախկինում դեմ էր, ազդարարել է աստիճանական արգելքին իր համաձայնության մասին»,- նշում է լրատվամիջոցը։
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հինգշաբթի օրը հանրային ZDF հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Բեռլինը չի խոչընդոտի նավթի էմբարգոյին, սակայն թերահավատություն է հայտնել, որ դա նախագահ Վլադիմիր Պուտինին վնասելու ամենաարդյունավետ միջոցն է։
Նավթի էմբարգոն կտրուկ կբարձրացնի Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղադրույքները, քանի որ ԵՄ-ը՝ Ռուսաստանի նավթի եւ վառելիքի ամենամեծ սպառողը, գազի մատակարարումների շուրջ արդեն առկա լարվածության պայմաններում փորձում է ճնշում գործադրել Պուտինի վրա: 2019 թվականին ԵՄ հում նավթի ներմուծման գրեթե երկու երրորդը Ռուսաստանց է եկել։
Ռուսաստանի նավթային եկամուտների կրճատման համար քննարկված մյուս տարբերակների մեջ եղել են գնային սահմանափակումներ, վճարման հատուկ մեխանիզմներ եւ մաքսատուրքեր։ Բելառուսը կներառվի փաթեթում՝ ռուսական ներխուժմանը նպաստելու գործում իր դերի, այդ թվում՝ հարձակման սկզբում զորքերի հենակետ ծառայելու համար:
Եվրամիությունը նաեւ դիտարկում է լցանավերով եւ խողովակաշարով մատակարարվող նավթի հետ այլ կերպ վերաբերվելու հարցը, ասել են աղբյուրները:
Այս միջոցներն ուղղված են Ռուսաստանի նավթի արտահանման եկամուտներին հնարավորինս ուժեղ հարվածելուն՝ առանց համաշխարհային շուկաներում ցնցումներ առաջացնելու: Նավթի գների աճը կարող է մեծացնել այն եկամուտը, որը Մոսկվան ստանում է վաճառքից, այլ ոչ թե պատիժ դառնալ:
Քննարկումները տեղի են ունենում ԵՄ-ի եւ Մոսկվայի միջեւ գազի ներկրման համար վճարվող հակասության ֆոնին։ ԵՄ-ն հայտարարել է, որ մատակարարումների համար ռուբլով վճարելու մեխանիզմը, որը պահանջում է Ռուսաստանը, կխախտի դաշինքի պատժամիջոցները: Ռուսաստանը հայտարարել է, որ կդադարեցնի գազի մատակարարումը այն երկրներին, որոնք չեն կատարի այդ պահանջը:
Լեհաստանն ու Բուլղարիան արդեն զրկվել են գազի մատակարարումից՝ Պուտինի նոր պայմանները չկատարելու պատճառով, սակայն մյուս երկրները վստահ են, որ կարող են պահպանել գազի մատակարարումները:
Էներգետիկայի եւ մաքուր օդի հետազոտությունների կենտրոնի տվյալներով՝ Ուկրաինայում հակամարտության սկզբից ԵՄ-ն Ռուսաստանից մոտ 44 միլիարդ եվրոյի հանածո վառելիք է ներմուծել։
Պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակներում քննարկվելիք մյուս առաջարկները ներառում են խորհրդատվական եւ ամպային ծառայությունների, ինչպես նաեւ անշարժ գույքի գնումների սահմանափակումներ։ Կարող են նաեւ կազմվել ավելի շատ անհատական ցուցակներ՝ ներառյալ ռազմական պաշտոնյաները, մեծահարուստները եւ նրանց համախոհները, ինչպես նաեւ նրանք, ովքեր պատասխանատու են Ուկրաինայում ռուսական ուժերի կողմից իրականացված ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար:
Որոշ անդամ երկրներ այս փաթեթի շրջանակներում նաեւ ձգտում են խստացնել գոյություն ունեցող սահմանափակումները ծովային առեւտրի եւ նավահանգիստների վրա, հավելել են աղբյուրները: