Օր 57․ ինչ իրավիճակ է Արցախում

Օր 57․ ինչ իրավիճակ է Արցախում

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է իրավիճակն Արցախում շրջափակման 57-րդ օրը։

Շրջափակման մեջ ծնված երեխաների թիվը անցել է 200-ը։

Արցախի առողջապահության նախարարության տվյալներով՝ Ադրբեջանի կողմից շրջափակման ընթացքում Արցախի ծննդատներում արդեն ծնվել է 204 երեխա։ Ադրբեջանական կողմի ահաբեկչական վարքագծի պատճառով նորածին երեխաներն ու նրանց մայրիկներն ամեն օր առերեսվում են լուրջ խնդիրների հետ՝ կապված մանկական սննդի, տակդիրների, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների սղության հետ։  

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 6 հիվանդ տեղափոխվել է Հայաստան։

Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։

Փետրվարի 5-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 70 հիվանդ:

Շրջափակման պատճառով ստեղծված տնտեսական բարդ իրավիճակով պայմանավորված՝ Արցախի պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը նվազել են։

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության  պետական եկամուտների կոմիտեից, Նախնական տվյալներով 2023 թվականի հունվար ամսվա ընթացքում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 1,902.3 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, որը պլանավորված 2,800.0 մլն դրամ ցուցանիշի համեմատ թերակատարվել է 32.1 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 28.5 տոկոսով:

Պլանային առաջադրանքի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թերակատարումները պայմանավորված են 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսությունում ստեղծված իրավիճակով, մասնավորապես, մի շարք հարկ վճարողների գործունեությունների դադարեցմամբ,  որի հետևանքով  իրացման շրջանառություն և դրան համարժեք հարկային պարտավորություններ վերջիններիս մոտ չեն առաջացել և ըստ այդմ բյուջե չեն մուտքագրվել:

Շրջափակման հետևանքով աշխատանքից զրկված ընտանիքներին Արցախի կառավարությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի։

Առաջիկայում նախատեսվում է իրականացնել շրջափակման հետևանքները մեղմելուն ուղղված սոցիալական մի շարք ծրագրեր: Ծրագրերից մեկն վերաբերելու է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց:

Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանի տեղեկատվությամբ՝ եթե ճգնաժամի պատճառով տնտեսվարողները ստիպված են եղել կրճատումներ կատարել, ապա աշխատանքից ազատված  աշխատողներին հունվար ամսվա համար կտրամադրվի նվազագույն աշխատավարձի չափով  աջակցություն:

Մյուս ծրագրով՝  2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ը գրանցված աշխատանք չունեցող անձանց պետությունը կտրամադրի միանվագ ֆինանսական աջակցություն:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը նամակներ է ուղարկել Հայաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների։

Նամակներում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման պատճառով Արցախում առաջացած հումանիտար խնդիրները, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման բացասական ազդեցությունը մարդկանց առօրյա կյանքի և հանրապետության տնտեսության վրա:

Նամակներում նախարար Սերգեյ Ղազարյանը կոչ է արել  ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին՝ իրենց կառավարություններին ներկայացնել զարգացումների իրական պատկերը: Նշվել է. «Հորդորում ենք`  Ձեր կառավարությանը փոխանցել մեր կոչը՝  գործուն միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ կիրառել պատժամիջոցներ կամ ազդեցության այլ գործիքակազմ՝ ուղղված Արցախի ապաշրջափակմանը և Ադրբեջանի հանցավոր նպատակների կանխմանը»:

Օրվա վիճակագրական թարմացումներ

6 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

Արդեն 204 երեխա ծնվել է շրջափակման մեջ:

Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 580 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 70 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ 

Ավելի քան 22,400 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

Կարևոր փաստեր

Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 57 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:

Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և, ի թիվս այլ իրավունքների խախտման, կանգնած է թերսնման և ցրտահարման մեծ ռիսկի առջև:

Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից փակվել է 41 մանկապարտեզ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։

5,528  երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք և սնունդ ստանալու հնարավորությունից:

Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը քննարկվել է նաև  ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում։ Եվրոպական խորհրդարանում Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների մասին բանաձև է ընդունվել։