Վարդանյանը հացադուլը սկսել է ապրիլի 5-ին, որից հետո դադարեցվել են ընտանիքի հետ նրա հեռախոսազանգերը

Վարդանյանը հացադուլը սկսել է ապրիլի 5-ին, որից հետո դադարեցվել են ընտանիքի հետ նրա հեռախոսազանգերը

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ապօրինաբար կալանավորված Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, ժամանակին և արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի և նրա փաստաբանի բազմաթիվ դիմումներին։

Հատկանշական է, որ հացադուլն սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ նրա հեռախոսազանգերը՝ բացահայտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Հարկ է նշել, որ հունվարին սպասվող դատաքննությունն առանց պատճառի տեղափոխվել է մինչև մայիս:

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը պահանջում է.

Անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ բանտարկյալներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին։

Ապօրինի դատավարությունները կայանալու դեպքում դրանք պետք է տեղի ունենան մինչև մայիսին բանտարկյալների կալանքի ժամկետների լրանալը, պետք է համապատասխանեն համաշխարհային իրավական չափանիշներին, և միջազգային դիտորդներին ու լրատվամիջոցներին պետք է թույլատրվի մասնակցել դրանց:

Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ մուտքի հնարավորություն տա Միջազգային կարմիր խաչին՝ Ռուբենի և մյուս բանտարկյալների վիճակը գնահատելու համար։ Պետք է վերականգնվի Ռուբեն Վարդանյանի հետ ընտանիքի հեռախոսակապը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է ներառի բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակումը:

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնֆերանսը՝ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում՝ առանց նշված քայլերի իրագործման»: