Ովքեր են մասնակցել ՔՊ դրամահավաքին, Վաղարշակ Հակոբյանը ավտոմեքենա չունի, Բաբայանը՝ Փաշինյանի խոսափող. Մամուլը՝ սուրճով

Ովքեր են մասնակցել ՔՊ դրամահավաքին, Վաղարշակ Հակոբյանը ավտոմեքենա չունի, Բաբայանը՝ Փաշինյանի խոսափող. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հուլիսի 31-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքին Հայաստանի բոլոր խոշոր գործարարներին հանձնարարված է եղել կլորիկ գումար հանգանակել կուսակցությանը. ՔՊ-ի դրամահավաք-երեկոյին 987 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է շուրջ 506 532 950 ՀՀ դրամ, այսինքն՝ 1մլն 322 հազար դոլար: ՔՊ-ին կլորիկ գումար փոխանցած գործարարների թվում է Արցախից փախած, Հայաստանում իր բիզնեսը ծաղկեցնելով զբաղված Արման Հակոբջանյանը:

Իշխանությունների «սրտի գործարար» Նարեկ Նալբանդյանը, որը հայտնի է իր աղմկահարույց գնումներով, եւս վճարել է ՔՊ ֆոնդին:

ՔՊ-ի դրամահավաքին մասնակցած գործարարներից են նաեւ «Արտ Լանչ» սննդի ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանը, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը, «Վիվառո» ընկերության սեփկանատերեր Վահե եւ Վիգեն Բադալյանները, որոնցից Վիգեն Բադալյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերն է: Նրանք, չի բացառվում, ուղիղ իրենց անունով արած չլինեն պարտադիր նվիրատվությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը դարձել է Նիկոլ Փաշինյանի խոսափողն Արցախում կամ արցախցիների համար: Արդեն տեւական ժամանակ է՝ Փաշինյանի քարոզչական թեզերն է առաջ տանում ու փորձում արցախցիներին համոզել, թե պետք է օգտվել Աղդամի ճանապարհից, բեռներ տեղափոխել այդ ճանապարհով, ավելին՝ երկխոսել Ադրբեջանի հետ՝ պատճառաբանելով, թե միայն այդպես վերջնական «խաղաղություն կհաստատվի»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն այն երիտասարդներից էր, որ «թավշյա հեղափոխության» օրերին մտերիմ էր Մխիթար Հայրապետյանի հետ, ինքնամոռաց ելույթներ էր ունենում, որի արդյունքում դարձավ իշխանության սիրելին խորհրդարանում: Ինչպես մնացած անտուն ՔՊ-ականները, նա եւս, իշխանության գալով, հիփոթեքով տուն է գնել եւ գումարներ է դիզում:

Այս պահին Հակոբյանը նշել է, թե ավտոմեքենա չունի, սակայն 2018 թվականին ձեռք բերած մեքենան, ըստ 2021 թվականի հայտարարագրի, վաճառել է 7 հազար 900 դոլարով։ 2021 թվականի հայտարարագրում նրա հանձնված եւ վերադարձված փոխառությունները կազմել են 30 մլն դրամ, որից 26 միլիոնը հիփոթեքի գումարն է, որը ձեւակերպված է «ՀայԷկոնոմ» բանկում, իսկ 2022 թվականի հայտարարագրում այդ դաշտում ոչինչ գրված չկա։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 935 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 17 հազար դոլար եւ 11 մլն դրամ։ Նկատենք, որ Վաղարշակ Հակոբյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 8 մլն 234 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է Ազգային Ժողովի աշխատակազմի կողմից։ Նախորդ տարիների համեմատ՝ նրա աշխատանքի վարձատրությունը գրեթե մեկ միլիոնով աճել է:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը համակարգի համար շարունակում է օտար մնալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շատ դատախազներ, դատախազությունում տարբեր պաշտոն զբաղեցնողներ, վարչության պետեր եւ այլք մինչ «գլխավորին զանգահարելը» մեկը մյուսին զանգահարում խորհրդակցում են՝ ինչ անել. եթե զանգահարեն ՀՀ գլխավոր դատախազին, հանդիպում խնդրեն, կմերժի՞, թե՞ կնդունի: Ասել է թե՝ գլխավոր դատախազը համակարգի զգալի մասի հետ շփվում է բացառապես պաշտոնական գրությունների միջոցով, եւ դատախազներից շատերի հետ մարդկային շփում, անգամ հեռախոսային քննարկում չկա: