Հույն պատմաբանները բացահայտել են Կիկլադների սպիտակ ու կապույտ տների գաղտնիքները

Հույն պատմաբանները բացահայտել են Կիկլադների սպիտակ ու կապույտ տների գաղտնիքները

Բոլոր նրանք, ովքեր երբեւէ այցելել են Կիկլադյան կղզիներ, նկատել են, որ կղզու բնակիչների տները կապույտ եւ սպիտակ գույներով են ներկված։ Եվ այս ավանդույթը պահպանվում է տասնամյակներ շարունակ։ Կղզիներում այս գունային համադրության հայտնվելու պատմությունը պատմում է Greekreporter հրատարակությունը։

Չնայած այն հանգամանքին, որ կապույտն ու սպիտակը հունական դրոշի գույներն են, պետական խորհրդանիշները ոչ մի կապ չունեն կղզիների տների գույնի հետ։ Այս գունավորման պատճառները պետք է փնտրել Հունաստանի պատմության մեջ։

Միկոնոս, Փարոս եւ Նաքսոս կղզիների տների մեծ մասը հին ժամանակներում միայն քարից են կառուցել։ Խնդիրն այն է, որ այստեղ անտառ գրեթե չի եղել։ Սակայն քարերի մուգ գույնի պատճառով բնակիչները շոգ ամառվա ընթացքում իրենց տները հովացնելու խնդիր են ունեցել։ Ուստի մարդիկ մտածել են սպիտակեցնել քարերը, որպեսզի դրանք արտացոլեն արեւի ճառագայթները:

1938թ․ իրադարձությունները, երբ Հունաստանում մոլեգնում էր խոլերան, անսպասելիորեն ամրագրել են այս ավանդույթը օրենսդրական մակարդակում։ Բռնապետ Իոաննիս Մետաքսասի հրամանով կղզու բնակիչներից պահանջվել է սպիտակեցնել իրենց տները։ Բռնապետի հրամանի պատճառները զուտ գործնական էին, քանի որ այն ժամանակ տները սպիտակ ներկելու համար օգտագործվում էր կրաքար պարունակող լուծույթ, իսկ կրաքարը հայտնի է որպես հզոր ախտահանիչ։

Տանիքների եւ դռների կապույտ գույնը միակը չէ, որն Կիկլադներում օգտագործում են ներկելու համար: Սակայն այն ամենատարածվածն է: Սրա պատճառը բավականին պարզ է՝ աղքատ ձկնորսները տների դռներն ու տանիքները ներկել են նավակները ներկելուց հետո մնացած ներկերով։ Իսկ նավակները ներկել են ամենաէժան՝ կապույտ ներկով։

Ներկի կապույտ երանգը առաջացել է կրաքարի եւ «լուլակի» կոչվող մաքրող միջոցի խառնուրդից, այս նյութը նման է փոշու, միայն թե կապույտ գույն  ունի: Այն եղել է կղզու բոլոր տներում:

Երբ 1967թ․ ռազմական բռնապետությունը տիրեց կղզիներին, տները ներկելու սպիտակ ու կապույտ ներկերի համադրությունը դարձավ պարտադիր: Ըստ բռնապետության քարոզչական տեսությունների՝ սպիտակ եւ կապույտ գույները պետք է սատարեին կղզու բնակիչների հայրենասիրությունն ու սերը Հունաստանի հանդեպ։ 1974թ․ կղզու տների սպիտակ եւ կապույտ գունային համադրությունը ամրագրվեց օրենքով:

Թեեւ այժմ կղզիների բնակիչները ցանկացած գույնով կարող են ներկել իրենց տները, նրանք նախկինի պես ընտրում են սպիտակն ու կապույտը, քանի որ այն դարձել է Հունաստանի այցեքարտը եւ գրավում է հազարավոր զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից։