Նյու Յորք մեկնած Նարեկ Մկրտչյանի կուսակցական և տուրիստական վոյաժները՝ աշխատանքային այցի անվան տակ 

Նյու Յորք մեկնած Նարեկ Մկրտչյանի կուսակցական և տուրիստական վոյաժները՝ աշխատանքային այցի անվան տակ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանը, որը զուգահեռ կամ ձեռքի հետ նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնն է զբաղեցնում (կամ հակառակը՝ նախարար է, հետն էլ՝ ՔՊ-ի արտաքին կապերն է կամակարգում), այս օրերին Նյու Յորքում է։ Նա մարտի 12-ին մասնակցել է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի բացման արարողությանը։ 

Այս հույժ կարևոր հանձնաժողովի նիստին մասնակցելու համար Նարեկ Մկրտչյանը հերիք չէ՝ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր կտրել-հասել է ԱՄՆ, մի բան էլ պատվիրակություն է ձևավորել՝ իր գլխավորած պատվիրակության կազմում մի խումբ կանանց է հետը տարել Ամերիկա։ Հարց է առաջանում՝ ի՞նչ օգուտ է տալու նախարարի այցը Նահանգներ, որտեղ նա մասնակցելու է ընդամենը Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի բացման արարողությանը։ Ավելի կարևոր բացման արարողություն չկա՞ր, որին պարտադիր էր նախարարի մասնակցությունը։ 

Բնականաբար, դրա օգուտները Նարեկ Մկրտչյանի գլխավորած նախարարության հազարավոր շահառուները հազիվ թե իրենց մաշկի վրա զգան։ Բայց այ նախարարն ու իր գլխավորած պատվիրակության անդամները, որոնց մեջ են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը, Կանանց ռեսուրսային կենտրոնի Ադվոկացիայի թիմի համակարգող Աննա Հովհաննիսյանը իրենց մաշկի վրա անձամբ կզգան։ Օրինակ՝ տուրիստական զբոսանքներ կունենան Նյոր Յորքում, կլինեն գեղատեսիլ վայրերում, կճաշեն ամերիկյան թանկարժեք ռեստորաններում: Մի խոսքով՝ ով ԱՄն-ում չէր եղել, այս այցի շնորհիվ եղավ ու վայելեց։ 

Բայց ՔՊ-ի արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանի՝ ԱՄՆ կատարած այցը միայն տուրիստական օգուտներ չէ, որ տվել է անձամբ իրենց։ Պետության միջոցներով, բացառապես նախարարի կարգավիճակում ԱՄՆ մեկնած Մկրտչյանը ձեռքի հետ նաև իր կուսակցությանը՝ ՔՊ-ին է որոշել օգուտ տալ։ Ու այդ մասին նա ջերմեռանդորեն կիսվել է իր ֆեյսբուքյան էջում։

«Կարևորելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ միջազգային հետազոտական կառույցների հետ համագործակցության հաստատումը` հանդիպում եմ ունեցել Նյու Յորքի Խաղաղության միջազգային ինստիտուտի (IPI) գործադիր տնօրեն Ադամ Լուպելի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք համագործակցության հնարավորությունները, և այս համատեքստում Ադամ Լուպելն իր պատրաստակամությունն է հայտնել Խաղաղության միջազգային ինստիտուտի քննարկմանը ներկայացնել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև աջակցել նախագծի՝ միջազգային հետազոտական խոսույթում ներառելու նախաձեռնություններին»,- իր էջում գրել է նախարարը, բայց այս դեպքում ՔՊ-ական Նարեկ Մկրտչյանը։

Մեկ այլ գրառմամբ էլ նախարարը տեղեկացրել է, որ Նյու Յորքում հանդիպել է «Եվրասիա խումբ» հետազոտական կազմակերպության հիմնադիր-նախագահ, ամերիկացի հայտնի քաղաքագետ Յան Բրեմերին, որի հետ քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Եվրասիա խումբ» հետազոտական կենտրոնի հետ համագործակցության հնարավորությունները և դարձյալ անդրադարձել իրենց հորինած այդ «Խաղաղության խաչմերուկ» անհասկանալի նախագծին, որը ուր գնում՝ հետները տանում են ու փորձում միջազգային հանրությանը աչքը խոթել որպես «Մետաքսի խաչմերուկին» այլընտրանք։

Ու այս ամենը, կրկնում ենք, նախարարի կարգավիճակով ԱՄՆ կատարած այցի շրջանակներում։ Բայց սա դեռ վերջը չէ։ Նախարար Նարեկ Մկրտչյանն իր հետ ԱՄՆ է տարել նաև իր հարազատ Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ Լյուդվիգ Գյուլնազարյանին։ Ու հենց նրա հետ էլ մասնակցել է վերը նշված Նյու Յորքի Խաղաղության միջազգային ինստիտուտի (IPI) գործադիր տնօրեն Ադամ Լուպելի հետ հանդիպմանը։ Նկարներում Նարեկ Մկրտչյանն է, պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, փոխհամայնքապետ Լյուդվիգն ու Ադամ Լյուպեն։ Ընդ որում, Գյուլնազարյանի՝ ԱՄՆ կատարած այցի մասին Փարաքարի համայնքապետարանի էջում որևէ պաշտոնական հաղորդագրություն չկա։ Ստացվում է՝ Նարեկ Մկրտչյանն իր հարազատ համայնքի ղեկավարի տեղակալին իր հետ որպես ՔՊ-ական տարել է Նյու Յորք, որ պաշտոնական այցի անվան տակ և դրա հաշվին կուսակցական հանդիպումներ ունենան։ Ի դեպ, նույն հաջողությամբ Նարեկ Մկրտչյանի պատվիրակության կազմում կարող էին ԱՄՆ մեկնել նաև այլ համայնքների ղեկավարներ կամ տեղակալներ, բայց ոչ զարմանալի պատճառներով հենց Նարեկ Մկրտչյանի ծննդավայր Փարաքարի փոխգյուղապետն է մեկնել։

Թե ինչ միջոցներով են Նյու Յորք մեկնել սոցապնախարարն ու նրա պատվիրակության անդամները ու ինչ կապ ունի Փարաքարի համայնքապետի տեղակալը ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի բացման արարողության հետ, կփորձենք ճշտել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից առանձին։ Դրա վերաբերյալ Mediahub-ն արդեն հարցեր ուղղել է նախարարության լրատվական վարչությանը։

Վահե Մակարյան