Դավին անտեղյակ, ցավին անտարբեր

Դավին անտեղյակ, ցավին անտարբեր

Քաղաքական դաշտում արդեն իսկ հայտարարվում է՝ թեժ աշուն ենք ունենալու՝ լի տարբեր վայրիվերումներով։ 

MediaHub-ի տեղեկություններով՝ դաշտում երևացող հիմնական ընդդիմադիր ուժերը շարունակելու են աջակցել «Սրբազան շարժմանը», այսինքն՝ հենց այնտեղ են դրսևորելու և ի ցույց դնելու իրենց ամբողջ պոտենցիալը։ 

Իսկ ի՞նչ են անելու դաշտում ավելի ուշ հայտնված և ընդդիմադիր հատվածում դիրքավորված ուժերը։ MediaHub-ը ներկայացնելու է մեկ առ մեկ։ 

Այսպես, առաջինը անդրադառնանք Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ մոտ երեք ամիս առաջ հիմնած կուսակցությանը։ Արդյո՞ք «Նոր ուժ»-ը ներգրավված է լինելու թեժ աշնան գործընթացներին։ 

Թեև թվում էր, թե հարցի պատասխանը հեշտ կստանանք, քանի որ կուսակցությունը հստակ դրսևորած կարծիք արդեն իսկ պետք է ունենա շարժման վերաբերյալ, սակայն մեր սպասելիքները չարդարացան։

ՔՊ-ի երբեմնի սրտի քաղաքապետի կուսակցությունում դժվարանում են հստակ կարծիք կամ դիրքորոշում հայնտել թե՛ շարժման, թե՛ քաղաքական գործընթացների վերաբերյալ։ 

Հիշեցնենք, դեռ մայիսին Բագրատ սրբազանը Հայկ Մարությանին առաջարկել էր հանդիպել ու խոսել «սև ու սպիտակի» մասին, որի ձևակերպումը 2018 թ. տվել էր հենց Մարությանը։ Ի պատասխան՝ Մարությանը հայտնել էր, որ պատրաստ է հանդիպել, սակայն ընդգծել՝ «գաղափարական խոր անհամաձայնություն ունի շարժման կողքին կանգնած հիմնական քաղաքական ուժերի ու հարթակից հնչած մի շարք թեզերի հետ, սակայն դրական է գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես»:

Մեր տեղեկություններով, սակայն, Բագրատ Սրբազանի՝ կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին  Մարությանը ներկա չի եղել: Առանձին հանդիպում էլ այդպես էլ տեղի չունեցավ:

Հիշեցնենք, որ տրանսպորտի թանկացման հարցի դաշտ նետվելուց հետո Մարությանն ինքն էլ էր թեժ աշուն խոստացել, բայց քանի որ հարցը հետաձգվել է մինչև 2025 թվականի հունվար, ապա իր խոստացած թեժ աշունը, թերևս, կվերափոխվի թեժ ձմռան։ Իսկ մինչ այդ նորաստեղծ կուսակցության անդամները վայելում են ամառը:

Նարե Գնունի