Փաշինյանը կաշկանդված է իր տված բանավոր խոստումներով․ Մամիջանյան

Տարբեր տրամաչափի երեսփոխանները, որոնք նշում են, թե 44-օրյա պատերազմից հետո փակվել էր պատուհանը Արցախի ինքնորոշման համար, ստում են։ Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի ավարտից հետո ՌԴ նախագահն իր հարցազրույցներից մեկում ասել է, թե պետք է ապագային թողնել Արցախի կարգավիճակի հարցը։
«2021 թվականի ապրիլին էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են հայտարարություն, որում նշվում էր՝ ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։ Իսկ հայ պաշտոնյաներն այդ մասին չխոսեցին, ռիսկ չարեցին։ Առաջին հերթին դրա մասին կարող էինք խոսել ինքներս։ Բայց դե, իրենք անգամ չէին համարձակվում Երևանում ասել, որ Հադրութն ու Շուշին օկուպացված են։ Ուստի, հիմնական բանակցողին փոխելը խիստ կարևոր է»,- նշեց Մամիջանյանը։
Նա վստահություն հայտնեց, որ Փաշինյանը կաշկանդված է իր տված բանավոր խոստումներով։
«Մի քանի ժամ տևեց երեկվա բանակցային գործընթացը։ Իսկ այնտեղ, որտեղ բանակցում է Փաշինյանը, ես մտավախություն ունեմ, որ Հայաստանը կունենա տարածքային կորուստներ»,- նշեց Մամիջանյանը։