Նոր առիթ՝ Ռուսաստանի դժգոհության համար. Հայաստանը միացել է «Մագնիտսկու ցանկին»

Նոր առիթ՝ Ռուսաստանի դժգոհության համար. Հայաստանը միացել է «Մագնիտսկու ցանկին»

Այսօր հայտնի դարձավ, որ ԵՄ անդամ չհանդիսացող 11 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը, միացել են ԵՄ խորհրդի որոշմանը՝ ևս մեկ տարով երկարաձգելու այսպես կոչված «Մագնիտսկու ցանկը»։ 

Այս ռեժիմի շրջանակներում, հիշեցնենք, ԵՄ մուքի արգելք և ԵՄ երկրների տարածքում ֆինանսական ակտիվների սառեցում է մտցվել Իրանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Ռուսաստանի, Սիրիայի և այլ երկրների քաղաքացիների, անվտանգության ուժերի և ընկերությունների նկատմամբ։ 

Ի՞նչ է նշանակում ՀՀ իշխանությունների այս քայլը, արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանը ևս միացավ այդ պատժամիջոցներին․ այս հարցի շուրջ MediaHub-ը զրուցեց Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանի հետ: 

«Այս քայլով ՀՀ իշխանությունները ուզում են ցույց տալ, որ նախապատվությունը տալիս են Արևմուտքին՝ Եվրոպական միության հետ հարաբերություններին, այլ ոչ թե Ռուսաստանի արձագանքին իրենց այս քայլին, որը Մոսկվայում, իհարկե, դիտարկվելու է որպես բացահայտ հակառուսական քայլ: Եվ սա բնական է, հաշվի առնելով այն, որ «Մագնիտսկու ցանկը» ստեղծվել է Արևմուտքի կողմից որպես Ռուսաստանի վրա ճնշման և պատժելու միջոց»,- ասաց Խալաթյանը։

Եվ այն, շարունակեց մեր զրուցակիցը, որ Հայաստանը և Ադրբեջանը, լինելով իբր Ռուսաստանին բարեկամ երկրներ, միանում են այս արևմտյան պատժամիջոցներին, խոսում է նրա մասին, որ այս երկու երկրները առաջնահերթությունը տալիս են Արևմուտքի հետ հարաբերություններին: 

Ինչ վերաբերում է Մոկսվայի արձագանքին, հատկապես, որ այսքան տարիներ Հայաստանը զերծ է մնացել այդ պատժամիջոցներին միանալուց, մեր զրուցակիցը նշեց, որ Ռուսաստանի արձագանքը, որին այդ քայլը  դուր չի գա, «այդքան էլ վտանգավոր չէ, որքան այն դիվիդենտները, որոնք կարող են ստանալ Արևմուտքից»։ 

Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի 14-ին ԱՄՆ նախագահ Օբաման ստորագրեց օրենք, որը հայտնի է որպես Մագնիտսկու ակտ: Օրենքը պատժամիջոցներ է նախատեսում մի շարք ռուս պաշտոնյաների նկատմամբ, ովքեր կասկածվում են մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ և որոնց մուտքը ԱՄՆ արգելվել է, իսկ նրանց ամերիկյան բանկային հաշիվները սառեցվել։

Մարիաննա Արամյան