Չեմ բացառում, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի գնա․ Ռուստամյան
Նիկոլ Փաշինյանը ոսկեպարցիներին ահաբեկել էր պատերազմով, բայց եթե ուղղակի հիստերիկ կրակոցներ են, ապա ինչո՞ւ է պատերազմով սպառնում։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքով` սակայն ադրբեջանցիները հիստերիկ կրակոցներ չեն արձակում, այլ տպավորություն են ստեղծում, որ մենք այլ հնարավորություն չունենք, պիտի զիջենք, որ գոյատևենք։
«Այո՛, իրենք անընդհատ ամեն ինչ անում են, որ ընդունելի արդյունքներ ստանան»,- նշեց նա։
Հարցին, թե հիմա ադրբեջանցիներն ի՞նչ խնդիր ունեն, միայն չորս գյուղերի պահա՞նջ է, Ռուստամյանը պատասխանեց՝ ոչ, Ադրբեջանն ավելի հեռուն գնացող նպատակներ ունի։
«Դրա մասին Նիկոլ Փաշինյանն էլ էր անկեղծացել՝ ասելով, որ «պատրաստ ենք զիջել», բայց չգիտեն՝ որքան պիտի զիջենք, որքան է Ադրբեջանի պահանջը։ Ես գիտեմ՝ մինչև հայկական ինքնության վերացում է ուզում հասնել Ադրբեջանը, և բնականաբար, այդ ամենին հասնելու համար ահաբեկչական մթնոլորտ է ստեղծում։ Ես չեմ բացառում, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի գնա, նպատակը շատ ավելի գլոբալ է»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։