ԱՄՆ-ն անհապաղ ու համապարփակ դադարեցնում է արտաքին օգնության տրամադրումը․ վերաբերում է նաև Ուկրաինային

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն անհապաղ ու համապարփակ դադարեցնում է արտաքին օգնության տրամադրումը գրեթե բոլոր երկրներին, այդ թվում՝ Ուկրաինային։ Այս մասին հայտնել է Politico-ն։
Ֆինանսավորումը դադարեցնելու հրամանները կտարածվեն բոլոր երկրների վրա, բացի Իսրայելից և Եգիպտոսից։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հրամանով ընթացիկ ծրագրերի մեծ մասը սառեցվելու է 90 օրով։
Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում անմիջապես։ Այն ընդլայնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` օգնությունը դադարեցնելու մասին վերջին հրամանը, մինչև դրամաշնորհները վերանայվեն պետքարտուղարի կողմից:
Թրամփի հրամանում ասվում է, որ ներկայիս արտաքին օգնությունը «չի համապատասխանում ամերիկյան շահերին և շատ դեպքերում հակասում է ամերիկյան արժեքներին»:
Կարգադրությունը կազդի նաև այն ծրագրերի վրա, որոնք արդեն հաստատվել են ԱՄՆ կառավարության կողմից։ Բացառություններ են թույլատրվում շտապ պարենային օգնության և «գործող ծրագրերի շրջանակներում մինչև սույն հրամանի ամսաթիվը կատարված օրինական ծախսերի» ծածկման համար: Նման ծրագրերը շարունակելու, փոփոխելու կամ դադարեցնելու մասին որոշումները կկայացվեն ԱՄՆ պետքարտուղարի վերանայելուց հետո: