Ավինյանի շրջայցից առաջ պաստառները հանել են, Ավինյանը հեռացել է` նորից փակցրել են
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երկու օր առաջ շրջայց է կատարել մայրաքաղաքի կենտրոնում՝ ստուգելու, թե որքանով են պահպանվում գովազդի մասին օրենքի և կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները։
Ընդ որում, խոսքը վերաբերում է ինչպես շենքերի արտաքին գովազդին, այնպես էլ վարձույթի և տուրիստական մեքենաների վրա փակցված գովազդային պաստառներին, որոնցով ողողված է մայրաքաղաքի կենտրոնը։
Երևանի սրտում՝ Ամիրյան, Աբովյան, Նալբանդյան փողոցներում, Հանրապետության հրապարակի շրջակայքում ամենուր տուրիստական ծառայություններ մատուցող մեքենաներ են, որոնք ոչ միայն զբաղեցրել են ամբողջ կենտրոնի կայանատեղերը, այլև օրենքի խախտմամբ հսկայածավալ պաստառներ են փակցրել իրենց մեքենաների վրա։
Մեզ ասացին՝ Ավինյանի այցից առաջ այդ փողոցներում, հատկապես՝ Ամիրյան փողոցում կայանած տուրիստական մեքենաների վարորդները, տեղեկանալով քաղաքապետի այցի մասին, հապշտապ հեռացրել են իրենց պաստառները մեքենաների վրայից։ Ավինյանի այցից հետո նորից վերականգնել են։ Նրանցից ոմանք, ի դեպ, շատ ագրեսիվ են տրամադրված, և այդ հարցով իրենց մոտեցած լրագրողներին էլ, քաղաքապետարանի աշխատակիցներին էլ շատ կոպիտ ձևով են պատասխանում, ոչ մի կերպ չեն ենթարկվում օրենքի պահանջին և վիճաբանության մեջ են մտնում պաշտոնյաների հետ։
Երևանի քաղաքապետարանի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը Mediahub-ի հետ զրույցում ներկայացրեց առկա իրավիճակն ու օրենքի կարգավորումները՝ նշելով, որ իրենք ժամանակին առաջարկներ են ներկայացրել վարորդներին և ժամանակ են տվել, որ գան օրենքի դաշտ։ Եթե ոչ, կապամոնտաժեն։ Իսկ եթե նորից փակցնեն պաստառները, ի՞նչ կանեն, քաղաքապետարանի պաշտոնյան ասաց՝ նորից կապամոնտաժեն, ապա հուսադրեց, որ մոտ ժամանակներում կգան կոնկրետ լուծման։
Վահե Մակարյան
Մանրամասները՝ տեսանյութում