Փոխելով Սահմանադրությունը, լուծարելով ՄԽ-ն, հրաժարվելով Արցախից՝ խաղաղության չենք հասնելու. Փաշինյանը սա լավ գիտի

«Միայն ձայնից՝ մարդու սիրտ է խառնում։ Ճղճղան, հիստերիկ, պարտվածի ու իր հանդեպ վստահություն չունեցողի պահվածք է դրսևորում Փաշինյանը, չտարբերելով կարևորը՝ երկրորդականից, ազգայինը՝ ապազգայինից, Հայաստանի համար կարևորը՝ անկարևորից։ Երեկվա ելույթը ջուր էր Ադրբեջանի ջրաղացին»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց թարգմանիչ, հասարակական ակտիվիստ Ալվարդ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետի երեկվա ելույթի բովանդակությունն ու շարժուձևը հայ հասարակության համար նորություն չէ, ուստի չենք զարմանում։ Անտրամաբանականն այն է, որ Փաշինյանն այսբովանդակ արտահայտություններն անում է երկրի համար այսքան բարդ ժամանակահատվածում, երբ բոլոր ոլորտներում որևէ դրական տեղաշարժ չկա։
«Ընդհանրապես, նրան թվում է, թե գոռալով կարող է համոզել հասարակությանը, որ կատարվածի, կատարվողի ու կատարվելիքի համար ինքն ու իր թիմը մեղավոր չեն։ Դրա համար էլ անհավասարակշիռ պահվածք է ցուցաբերում։ Բայց դա ներքին լսարանի համար է։ Բարեբախտաբար, նրա «կտերը» չեն ուտում դրսում, հատկապես հայ համայնքի ներկայացուցիչները։ Երեկ Փաշինյանը դարձել էր ռուսական, ադրբեջանական ու թուրքական ալիքների աստղը։ Բոլորը ծաղրում են իմ երկրի ղեկավարին, անգամ նշում՝ կարո՞ղ է այդկերպ խոսել Իլհամ Ալիևի հետ»,- ընդգծում է մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը, խոսելով Խաղաղության պայմանագրի մասին, հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է նույն օրում պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ և միաժամանակ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Որին ի պատասխան ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետի հայտարարությունը միջազգային հանրությանը մոլորեցնելու հերթական փորձ է։
«Հայաստանն իր նորագույն պատմության մեջ երբեք այսքան վատ վիճակում չի եղել և այս ամենը մեր դուռը հասցրեց Փաշինյանը։ Կկարծում եմ, որ Ադրբեջանին այսքան մոտեցնելը և նրա պահանջները մեկ առ մեկ կատարելը ավելի է հեռացնում Խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Բաքուն ի վերջո հասկացնում է՝ մեզանից ավելի շատ ո՞ւմ է պետք այս համաձայնագիրը: Փոխելով Սահմանադրությունը, լուծարելով ՄԽ-ն, հրաժարվելով Արցախից՝ խաղաղության չենք հասնելու։ Սա լավ գիտի նաև Փաշինյանը։ Դրա համար մե՛կ դաշնակցականներին է մեղադրում, մե՛կ հանրապետականներին, մյուս օրը՝ Քոչարյանին, և անգամ ՀՀ առաջին հանրապետության ղեկավարներին»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան