Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այս տարի նշում է 100-ամյա հոբել յանը: Հոբելյանական տարվա բացման գալա-համերգին՝ մայիսի 14-ին, ելույթ է ունենալու դաշնակահարուհի Յուջա Վանգը, որն առաջին անգամ է ժամանում Հայաստան: Մեր ունեցած տեղեկություններով, դաշնակահարուհու հոնորարը բավականին «սոլիդ» գումար է կազմում: Որոշ ժամանակ առաջ մենք դիմել էինք ԿԳՄՍ նախարարություն՝ խնդրելով պատասխանել, թե, ընդհանուր առմամբ, որքա՞ն գումար է ծախսվելու Յուջա Վանգին Հայաստանում հյուրընկալելու նպատակով, և այդ գումարից որքա՞նն է կազմելու նրա հոնորարը կամ գործակալական ծախսերը: Հարցրել էինք նաև՝ ծախսերը ֆինանսավորվելու են բացառապես պետբյուջեի՞ց, թե՞ կան հովանավորներ:
Նախարարությունից ստացել էինք պատասխան, որ երաժշտի հոնորարի գումարը հանդիսանում է կոմերցիոն գաղտնիք, իսկ համերգի ֆինանսավորումը կներառվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբել յանական միջոցառումների ծրագրի նախագծում, որի համար նախատեսվում է առանձին ֆինանսավորում:
Հաշվի առնելով այս պատասխանը՝ լրացուցիչ դիմել էինք ԿԳՄՍՆ՝ խնդրելով պատասխանել, թե, ընդհանուր առմամբ, որքան գումար է նախատեսված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբել յանական միջոցառումների ծրագրի նախագծի համար, և ըստ տողերի՝ ինչպես, ինչ միջոցառումների համար է հատկացվում այդ գումարը: Նախարարությունից ստացված պատասխանը, մեղմ ասած, ուշագրավ է. «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյա հոբել յանը հավուր պատշաճի իրականացնելու համար ներկայում շրջանառվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ գումարի հատկացման վերաբերյալ: Ընդունվելուց հետո որոշումը սահմանված կարգով կհրապարակվի»:
Փաստորեն, արդեն հինգերորդ ամիսն է, իսկ կառավարությունը դեռ նոր է մտածում որոշում ընդունել: Ավելին, նման նախագիծ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում մենք չգտանք, ինչը նշանակում է, որ այն նույնիսկ հանրային քննարկման համար պատրաստ չէ: Մյուս կողմից՝ ստացվում է, որ կառավարության որոշում չկա, այսինքն՝ գումար հատկացված չէ, բայց ԿԳՄՍ նախարարությունն արդեն «պրոցեսներ» է սկսել, ի մասնավորի՝ պայմանավորվել է Յուջա Վանգի հետ:
Զուգահեռաբար հարցում էինք ուղարկել նաև կառավարություն՝ փորձելով հասկանալ՝ ինչպե՞ս է գնահատում կառավարությունը և մասնավորաբար վարչապետի աշխատակազմը, որ առանց հովանավորների, պետբյուջեի ֆինանսավորմամբ կազմակերպվում է կոնկրետ մեկ համերգ: Նաև հարցրել էինք՝ եթե պետությունը ֆինանսավորում է համերգը, ինչի՞ հետ է կապված այն հանգամանքը, որ տոմսերի գները տատանվում են 20000ից 150000 հազար դրամի սահմաններում, ինչը խիստ սահմանափակում է երաժշտասեր հանրության ներկայության հնարավորությունն այդ համերգին: Վերջապես՝ խնդրել էինք պատասխանել ևս մեկ հարցի՝ ի՞նչ տրամաբանությամբ է որոշվում՝ որ կազմակերպության հոբել յանը նշել, որը՝ ոչ:
Եվ ի՞նչ են պատասխանել կառավարությունից: Կարելի է ասել՝ ոչինչ: Երեք հարցից որևէ մեկին պատասխան չի ուղարկվել, իսկ մեզ ուղարկված գրության մեջ միայն այսքանն է. «Հայցվող տեղեկատվության վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը գտնվում է շրջանառության մեջ, որը կառավարության նիստում ընդունվելուց հետո կհրապարակվի: Միաժամանակ նշենք, որ ԿԳՄՍ նախարարության տրված պատասխանին ավելացնելու ոչինչ չունենք»:
Հետաքրքիր է՝ ի՞նչ «խութեր» կան այս հոբելյանի ու կոնկրետ համերգի հետ կապված, որ կառավարությունն ու նախարարությունը այսպիսի խուսափողական պատասխաններ են տալիս: Վերջապես՝ տպավորություն է, որ երկու պատասխանն էլ գրվել է նույն տեղում, առավել ևս, որ ուղարկվել են րոպեների տարբերությամբ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում