Լոռու մարզի Թումանյան համայնքի Մոտկորի ենթաշրջանի բնակիչները, որի մեջ մտնում են Մարց, Ահնիձոր, Քարինջ, Լորուտ, Շամուտ և Աթան գյուղերը, առավոտյան փակել էին Մ6 միջպետական ճանապարհը: Նրանք պահանջում են վերանորոգել իրենց գյուղեր տանող միջհամայնքային ճանապարհը, որը գտնվում է անմխիթար վիճակում։
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը MediaHub-ին տեղեկացրեց, որ կառավարությունը դեռ 2021 թվականին գումար էր հատկացրել ճանապարհների վերանորոգման համար, սակայն սայլը տեղից չի շարժվել, շինաշխատանքների մեկնարկն էլ չի տրվել: Նրա խոսքով, ըստ տեղեկությունների՝ պատճառը ճանապարհներով անցնող ՀԷԿ-րի խողովակներն են, որոնք կարող են վնասվել վերանորոգման դեպքում:
Ավելի ուշ այդտեղ է ժամանել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, սակայն բնակիչներն այդ պահին արդեն բացել էին ճանապարհը:
Ի՞նչ է խոստացել մարզպետը և ինչո՞ւ աշխատանքները չեն մեկնարկել. Օլեգ Դուրգարյանի խոսքով, մարզպետը տեղեկացրել էր, որ պատճառը տեխնիկական է և ՀԷԿ-երի հետ խնդիրն այդքան էլ կապված չէ:
«Ըստ մարզպետի, խնդիրը կայանում է նրանում, որ աշխատանքները չիրականացնելու համար կառավարությունը կապալառու ընկերության հետ խզել է պայմանագիրը և հոկտեմբերի 1-ի դրությամբ նոր կապալառուի հետ է պայմանագիր կնքվելու: Ըստ այդմ, հոկտեմբերի առաջին տասնօրյակում կմեկնարկեն աշխատանքները»,- ասաց նա:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ բնակիչների համար սա կարևոր հարց է, հետևապես իրենք հետամուտ են լինելու զարգացումներին ու բողոքի ակցիայի կդիմեն, եթե գործընթացը տեղից չշարժվի:
Նշենք, որ Լոռու այս հատվածում գործող ՀԷԿ-երը ներկա և նախկին մի շարք պաշտոնյաների անվան հետ են կապվում: Այդպես, վերջերս լուր տարածվեց, որ ՀԷԿ-երից մեկը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը վաճառել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանին: