Խոշոր հրդեհ՝ Երևանում

Խոշոր հրդեհ՝ Երևանում

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդի 5-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 4-րդ և 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել տանտիրուհուն՝ 67-ամյա Էլմիրա Օ.-ին:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նրա տանը և հրդեհի պատճառը, ըստ նախնական տեղեկությունների եղել է գազաբալոնից տեղի ունեցած գազի արտահոսքը:

Այրվել է նաև Nissan March մակնիշի ավտոմեքենան: 

Էլմիրա Օ.-ն բժիշկների կողմից անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո հրաժարվել է հոսպիտալացվելուց:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում: