Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում (08.12.2023)

1.  Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Էբրահիմ Ռայիսիի մոսկովյան բանակցությունները նախօրեին տևել են ավելի քան հինգ ժամ։ Ռուսական TASS գործակալության փոխանցմամբ, օրակարգում ընդգրկված էին ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային թեմաներ։ Մասնավորապես, Պուտինն ու Ռայիսին քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում։ 

2.  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է նախագահական նոր ժամկետի համար առաջադրվելու պլանների մասին: Իր հերթին նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ հաջորդ տարվա մարտին կայանալիք ընտրություններում կքվեարկի երկրի գործող ղեկավար Վլադիմիր Պուտինի օգտին։  Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի Դաշնության խորհուրդը որոշում կայացրեց նախագահական ընտրությունները նշանակել  2024 թվականի մարտի 17-ին։  

3.  Դեկտեմբերի 8-ին նախատեսված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ Գազայի հատվածում անհապաղ հրադադար հաստատելու հարցով: Նիստը գումարելու համար Անտոնիո Գուտերեշը օգտագործել է ՄԱԿ-ի կանոնադրության 99-րդ հոդվածով գլխավոր քարտուղարին վերապահված իրավունքը, որը նրան թույլ է տալիս Անվտանգության խորհրդի ուշադրությունը հրավիրել ցանկացած հարցի վրա, որը, նրա կարծիքով, կարող է սպառնալ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանմանը։ 

4.  Հունաստանի վարչապետ Միցոտակիսը պատասխան այցով կմեկնի Անկարա 2024 թվականի գարնանը։ Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են նաև լուծել ռազմական ռիսկերը։ Միցոտակիսն ասել է, որ Թուրքիան և Հունաստանը պարտավոր են խաղաղ ապրել։ 

5.  Այս գիշեր Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հրթիռակոծվել է ԱՄՆ դեսպանատունը: Դիվանագիտական   ներկայացուցչության շենքի մոտակայքում երեք հրթիռ է ընկել: Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան. հայտնում է AFP-ն։