Հերթական սրբապղծությունը, Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. Մամուլը՝ սուրճով

Հերթական սրբապղծությունը, Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Հայոց ցեղասպանությունը ժխտելու, կասկածի տակ դնելու, պահանջատիրությունից հրաժարվելու Օվերտոնի պատուհանը պաշտոնապես բացված է։ Բացումն անձամբ իրականացրեց Նիկոլ Փաշինյանը, ով շաբաթ օրը «ՀՀ սոցիալ-հոգեբանությունը» թեմայով դասախոսություն է կարդացել ՔՊ Ժողովրդավարության դպրոցում։

ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ 1 ժամ տեւած դասախոսության գլխավոր ասելիքն այն էր, թե Հայոց ցեղասպանության պահանջատիրության թեման սրել է Ռուսաստանը, ավելի ճիշտ՝ ԽՍՀՄ-ը՝ 1946-ից սկսած, երբ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները սրվեցին, եւ ստեղծվեց ՆԱՏՕ-ն։ Փաշինյանի խոսքով՝ ՌԴ-ն եղեռնից մազապուրծ գաղթականների վերադարձ կազմակերպեց, որն ավելի սրեց պահանջատիրության հարցը։

Ողջ դասախոսության ընթացքում Փաշինյանը չի օգտագործում «ցեղասպանություն» բառը, կա՛մ «Մեծ եղեռն», կա՛մ «դժբախտություն», ինչում հայերը մեղադրում էին ԱՄՆ նախագահներին, որոնք ապրիլի 24-ի ուղերձներում խուսափում էին «ցեղասպանություն» ասելուց: Դասախոսությունից 1 օր անց արդեն ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը շարունակեց Փաշինյանին՝ բացահայտ կասկածի տակ դնելով ցեղասպանության փաստը եւ կոչ անելով ճշտել ու արձանագրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները։

«Ի վերջո, պետք է ունենալ բոլոր զոհերի ցուցակը: Հանկարծ ավելի կամ պակաս է լինում` 1,5 միլիոնից, ինչպես ընդունված է համարել»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իր ասածը պարզաբանել է Քոչարյանը։ Նիկոլ Փաշինյանը թերեւս հող է նախապատրաստում՝ մի քանի օր անց ցեղասպանության տարելիցի օրն աշխարհացունց ուղերձ հրապարակելու համար, որով, հավանաբար, կուրանա հայոց պատմության այս մի էջը նույնպես՝ փորձելով բավարարել թշնամու հերթական պահանջը։

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն մի տեսակ սովորական է դարձել, որ Հայաստանի իշխանություն հանդես եկողները խոսում են մեր ազգի ու պետության թշնամիների արտահայտություններով ու ձևակերպումներով: Ըստ որում, օրումեջ ժամանակացույցով, մի օր՝ ադրբեջանական խոսույթով են աչքի ընկնում («տարածքները տվեք, որ պատերազմ չլինի»), մյուս օրը՝ թուրքական: Չնայած, մեծ հաշվով՝ տարբերություն առանձնապես չկա՝ ադրբեջանակա՞ն, թե՞ թուրքական խոսույթ: Նախօրեին էլ կարկառուն քպականներից մեկը (ընդ որում, նրանց որևէ մեկի անունը կարևոր չէ, բոլորն էլ, կարելի է ասել, նույնն են) փաշինյանական «օվերտոնի պատուհան», իսկ այս դեպքում ավելի տեղին է ասել՝ «օվերտոնի շուշաբանդ» բացեց: Ասածն էլ այն է, թե...

Չնայած, ավելի լավ է բառացի ու տառացի մեջբերենք քպականի խայտառակ ու աղմկահարույց հայտարարության ամենից կարևոր հատվածը. «Ես գիտեմ, որ վարչապետը նպատակ ունի նաև Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել՝ հասկանալու համար Ցեղասպանության ոչ թե, ը-ըը, այլ ավելի առարկայական դարձնել Ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների ամբողջ, ը-ըը, ցա՛նկը: Որովհետև մինչև հիմա մենք անվանական էդ ցանկն էլ չենք կարողացել հավաքել և պետք ա կենտրոնանանք էդ ցանկը փաստարկված հավաքագրելու համար...»: Ամենից առաջ՝ ի՞նչ է նշանակում «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել...» ձևակերպումը, որպիսի նպատակ, ըստ կարկառունի, ունի Նիկոլ Փաշինյանը:

«Շան գլուխը», նախևառաջ, այդ արտահայտության տակ է թաղված: Այսինքն, ըստ Փաշինյանի ու նրա հավատավոր զինակցի (զինակիցների), Հայոց ցեղասպանության հետ կապված՝ մեկ դարից ավելի կուտակված ապացուցողական, փաստաթղթային, պատմական, գիտահետազոտական ահռելի հենքը հե՞չ, զոհերի անվանացա՞նկն է իբրև թե «իրական հիմքեր կառուցելու»: Ինչպիսի անհեթեթություն: Առհասարակ, Փաշինյանի երդվյալ ներկայացուցչի հայտարարությունը արժե դիտարկել մի քանի հարթության մեջ՝ քաղաքական, պատմական, տեխնիկական, մարդկային, բարոյական: Սկսենք քաղաքականից: Ով, որ իշխանության կարկառուն ներկայացուցիչը ինչի մասին է խոսում: Նա խոսում է Հայոց ցեղասպանության զոհերի անվանացանկ կազմելու մասին:

Իսկ այդ թեման համարձակվում է բարձրաձայնել ներկայացուցիչը մի իշխանության, որը այդպես էլ չի հրապարակել իրենց իսկ հրահրած (լեգիտիմացրած) 44-օրյա պատերազմում իրենց իսկ կառավարության որոշումների ու քայլերի հետևանքով կոտորածի մատնված հազարավոր հայ տղաների, ՀՀ քաղաքացիների անվանացանկը: Մինչ օրս թաքցնում ու չեն հրապարակում այդ տվյալները: Ու մեկ էլ, հո՛պ, հանկարծ հիշել են Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների անուն-ազգանունների մասին: Ակնհայտից էլ ակնհայտ է, որ քպականի, իսկ իրականում՝ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը թուրքական նարատիվ է, Անկարայի, մեղմ ասած, ուղղակի «ցանկությունն» է, որի անթաքույց նպատակը «ՀՀ իշխանություն» համարվողի կողմից Հայոց ցեղասպանության անհերքելի փաստն ուրանալն է: Սա թշնամական խոսույթով հանդես գալու հերթական դրսևորումն է:

Ի լրումն՝ ուղղակիորեն սրբապղծություն է, քանզի, կրկնենք, խոսքը սրբադասված նահատակների մասին է: Պատմականը: Նախ՝ կան բազմաթիվ գիտական հետազոտություններ, պատմական անհերքելի փաստեր, իրողություններ, ու ոչ ոք մեղավոր չէ, որ քպականները կամ նրանց ղեկավար Նիկոլ Փաշինյանը անտեղյակ են այդ ամենից կամ այդպիսին են ձևանում: Փաստն այն է, որ, չնայած նախորդած ժամանակահատվածում, այդ թվում՝ 1895-96 թթ. զանգվածային ջարդերին, որոնց շուրջ 300 հազար հայ է զոհ գնացել, 1915 թվականի դրությամբ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, իր բնօրրանում և օսմանյան կայսրության տարածքում ընդհանուր ապրում էր շուրջ 3,5 միլիոն հայություն: Փաստն այն է, որ երիտթուրքերի իշխանության՝ թուրքական պետության իրականացրած սիստեմավորված տեղահանությունների ու կոտորածների, մի խոսքով՝ ցեղասպանության հետևանքով հայությունը համատարած հայրենազրկվել, իսկ զգալի մասը սպանվել կամ մատնվել է սովամահության՝ սիրիական անապատներում:

Հիմա ինչպե՞ս, ի՞նչ արխիվների հիման վրա են քպականները փորձում անվանացանկ պարզել: Բնականաբար, մի շարք տվյալներ, անուններ, անվանացանկեր պահպանվել են տարբեր աղբյուրներում: Նման օրինակ եղավ 21-րդ դարի սկզբներին, երբ հրապարակվեցին «Նյու Յորք լայֆ ինշուրանսի» տվյալները՝ օսմանյան կայսրության տարածքում կյանքի ապահովագրում արած հայերի վերաբերյալ: Մյուս կողմից՝ թուրքական իշխանությունները ոչ թե պարզապես բնաջնջել են հայերին, այլև ոչնչացրել են եկեղեցիները, ծխական մատյանները (որոնցով կարելի կլիներ անվանական տվյալներ ճշտել), այլ փաստաթղթեր: Ըստ որում, թուրքական արխիվները ոչ մի պարագայում դիտարկելի չեն, քանի որ անցած 100 տարվա ընթացքում դրանք իրարահաջորդ թուրքական իշխանությունները հնարավորինս «մաքրել» են՝ ոչնչացնելով իրենց աններելի հանցանքի հետքերը: Առհասարակ, թշնամական սրբագրված արխիվները չեն կարող որևէ հիմք ծառայել:

Ճիշտ է, անվանապես բոլոր զոհերի անունները հավաքելու և հրապարակելու փորձեր եղել են: Ըստ վկայությունների, օրինակ՝ 15 տարի առաջ մի քանի հարյուր օրինակով անգամ նման գիրք է հրապարակվել: Այնուհանդերձ, ցանկացած ողջամիտ մարդ հասկանում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի լիարժեք անվանացանկ կազմելը, այն էլ՝ ավելի քան 109 տարի անց, գրեթե անհավանական բան է: Մանավանդ, ախր, այդ ո՞ր պետության մասին ենք խոսում՝ Թուրքիայի՞: Կամ՝ ենթադրենք՝ տվյալները հավաքեցին ու կարողացան ստույգ պարզել, օրինակ՝ 853446 զոհի անուն-ազգանուն: Դրանից ինչոր բա՞ն է փոխվելու: Ի դեպ, բոլոր ողջամիտ մարդիկ հասկանում են, որ 1,5 միլիոն զոհերի քանակը մոտավոր թիվ է, ըստ որում՝ նվազեցված մոտավոր: Իրականում, մենք չենք կասկածում, որ Ցեղասպանության ընթացքում շատ ավելի շատ հայեր են զոհվել ու ոչ միայն Արևմտյան Հայաստանում:

Այսինքն, ստացվում է՝ եթե հնարավոր լինի «նույնականացնել», ասենք՝ 500 հազար կամ վերը նշված պայմանական 853446 անձի տվյալ, ուրեմն՝ այդքա՞ն զոհ է եղել Ցեղասպանության արդյունքում: Ամփոփելով՝ կրկնենք. իր քպականի միջոցով Նիկոլ Փաշինյանի հայտարարության հիմնական կամ ամենից վտանգավոր պահն այն է, որ զոհերի անվանացանկը ու նման անվանացանկ կազմելն է համարվում «Ցեղասպանության հետ կապված իրական հիմք»: Այն, ինչ կատարվել է, անժխտելի փաստ է, ըստ որում՝ այդ ժամանակվա դիվանագիտական ներկայացուցիչների վկայություններով հաստատված, մի քանի տասնյակ պետությունների, միջազգային կառույցների կողմից ճանաչված ու դատապարտված: Ու այդ ամենն, ըստ Նիկոլ Փաշինյանի, իբր թե՝ իրակա՞ն չէ: Բայց, այ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր քպականները անվանացանկ կազմեն, դա՞ է լինելու «իրական հիմք»... Ահա, թե նաև ինչու է Նիկոլ Փաշինյանն իրար հակադրում «պատմական» ու «իրական» Հայաստանները...

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի հետ կատարվածից հետո ՔՊ ֆրակցիայի ղեկավարությունը նրան հորդորել է դիմել իրավապահներին, որ տրանսպորտում իր հետ վիճաբանած քաղաքացուն՝ Սամվել Վարդանյանին պատժեն։

Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը կտրուկ փոխվել է իրենց նկատմամբ` դեպի բացասական։ Եվ նրանցից շատերն են նման տհաճ միջադեպերի մեջ հայտնվում՝ մարդիկ նյարդային են արձագանքում իրենց տեսնելիս, սակայն դրանք միշտ չէ, որ տեսալուսանկարահանվում են, ուստի ՔՊ-ն չի բարձրաձայնում դրանք:

Մինչդեռ երեկ ՔՊ վերնախավը՝ ԱԺ նախագահի գլխավորությամբ, դատափետեցին երիտասարդին, թե պատժելու են «խուլիգանական», անհարգալից պահվածքը: Ուղղակի նման պատմությունների մեջ ընկնողները ոտքով քայլող շարքային ՔՊ-ականներն են, որոնց մեղքն անհամեմատ փոքր է առաջնորդների մեղքից, որոնք շրջում են ծառայողական մեքենաներով ու թիկնազորով շրջապատված, եւ Ասլանյանին վիրավորած երիտասարդին պատժելը նաեւ ինքնապաշտպանություն է` մարդկանց աչքը վախեցնեն, որ այլեւս նման միջադեպեր չկրկնվեն:

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Նիկոլ Փաշինյանի և յուր իշխանության միակ հենարանը մնացել են իրավապահ մարմինները, հատկապես ոստիկանությունը, վաղուց նորություն չէ: Ըստ էության, այն պայմաններում, երբ 2023 թ. ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,1%-ով, ոստիկանությունը փաստացի զբաղված է մեկ անձի պաշտպանությամբ. Նիկոլ Փաշինյանի նույնիսկ ամենափոքր տեղաշարժի դեպքում նրան ուղեկցում են բազմաթիվ ոստիկաններ, ամբողջ ճանապարհին գրեթե յուրաքանչյուր 100 մետրը մեկ կանգնած են ոստիկանական մեքենաներ, ամենափոքր ակցիայի դեպքում ոստիկանների հսկայական քանակ է դուրս բերվում ծառայության, որոնք չեն վարանում բիրտ ուժ կիրառել, մյուս կողմից՝ իրավապահները զբաղված են միայն «մոնիթորինգով», թե ով Փաշինյանի «թանին թթու ասաց»: Ըստ այդմ, երևի թե պատահական չէր կառավարության վերջին նիստում ընդունված որոշումը՝ ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնելու մասին:

Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանների համար ամսական հավելումը 20 000 դրամից դարձավ 70 000 դրամ: Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ ոստիկանությունում աշխատավարձերը մեր երկրում դասվում են բարձրերի շարքում, ավելին՝ 2018 թվականից ի վեր այս համակարգը համարվում է պետության համար ամենածախսատարներից մեկը, սակայն փաստացի նորից են բարձրացնում:

Փոխարենը կառավարությունը «փող չունի» թոշակ բարձրացնելու համար, այլ կարևոր խնդիրներ լուծելու համար: Ի դեպ, հավելենք, որ ոստիկաններին տրվող բարձր աշխատավարձերի հաշվին էական աճ է գրանցել նաև միջին աշխատավարձը՝ 14,6 տոկոս, ինչը թույլ է տալիս իշխանություններին ցույց տալ, թե իբր երկրում ընդհանրապես եկամուտների աճ է գրանցվել: