Իրավաբանին կրճատել է, փաստաբան վարձել, որ կրճատված իրավաբանի հայցին պատասխանի. հայցեր՝ ՀՌ տնօրենի դեմ 

Իրավաբանին կրճատել է, փաստաբան վարձել, որ կրճատված իրավաբանի հայցին պատասխանի. հայցեր՝ ՀՌ տնօրենի դեմ 

Հանրային ռադիոյում ավադույթ է ձևավորվում։ Աշխատողները դատական հայցեր են ներկայացնում տնօրենի դեմ։ «Ժողովրդավար պետություն ենք» կասեն իշխանավորները, «դանակը ոսկորին է հասել» կասեն ռադիոյի մարդկանց ճանաչողները։ 

Ինչևէ, օրերս տնօրենի դեմ հերթական դատական նիստի օրն էր`  Երևանի քաղաքացիական դատարանում։ Պատասխանողը նույնն է՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանը։ Հայցվորն այս անգամ ռադիոյի՝  նախկին իրավաբան Սիրուշ Աղվանյանն է։  

Աղվանյանի մեկ հայց արդեն դատարանը բավարարել է։ Դատարանը պարտավորեցրել է  Արմեն Քոլոյանին անվավեր ճանաչել նկատողությունը։ Դատարանի այս վճիռն իհարկե կբողոքարկվի։ Բայց օրերս տեղի ունեցած դատական նիստը կրճատված հաստիքին է վերաբերում։  Հետաքրքիր է, ինչո՞ւ Քոլոյանը որոշեց կրճատել իրավաբանի հաստիքը։ Չար լեզուներն ասում են, որ կրճատված իրավաբանը նախկին տնօրենի բերած մարդն է։  Երևի դեռ չգիտեր, որ աշխատողները դատի են տալու իրեն՝ ոչ իրավաչափ որոշումների համար:

«Հանրային ռադիոյի իրավաբան հարկավոր չէ» Հանրային հեռարձակողի խորհրդին համոզել էր Քոլոյանը։ Բայց այժմ ստիպված է իրավաբան վարձել, որ կրճատված իրավաբանի հաստիքի դեմ բողոքարկող Սիրուշ Աղվանյանի ներկայացրած հայցին պատասխանի։ Արդյո՞ք սա պետական բյուջեի միջոցների արդյունավետ ծախս է այն դեպքում, երբ ասում են, թե ռադիոյում արդեն գումար չի մնացել։ Գուցե հանրային այս կառույցի ֆինանսական ծախսերը ուսումնասիրելու կարիք կա՞, ու, կարծես, արդեն այդ ճանապարհին են, ինչի մասին վկայում է Քոլոյանի դեմ վարույթը։

MediaHub-ը գրել էր, որ մայիսի 7-ին Հանրային հեռարձակող խորհուրդը նիստ է գումարել և Քոլոյանի դեմ կարգապահական վարույթ նախաձեռնել: Խորհուրդը Քոլոյանին ընդամենը 3 աշխատանքային օր է տվել գրավոր բացատրություն ներկայացնելու համար: 

Ի դեպ, այս պահին Դատալեքսում Արմեն Քոլոյանի դեմ չորս դատական հայց կա, երեքը նրա կիրառած անհամաչափ վարչական տույժերի բողոքարկումն է։

Ուշագրավն այն է, որ բումերանգի էֆեկտը աշխատեց 30 տարի Հայաստանում չապրած ու հանրային լրատվամիջոցի ղեկավար նշանակված Քոլոյանի դեպքում։ Կարգապահական վարույթ է հարուցվել հենց  իր՝ ՀՌ գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի դեմ։ Այս անգամ, փաստորեն, դերերը փոխվել են․ ոչ թե Քոլոյանն է նկատողություն տալիս, այլ ՝ գուցե իրեն։ 

Պատրաստվո՞ւ մ է բողոքարկել իր դեմ կիրառած կարգապահական վարույթը Արմեն Քոլոյանը։ Այս պահին հայտնի չէ, բայց եռօրյա ժամկետը լրացել է:

Ի դեպ, խորհուրդը դեռ նախագահ էլ չունի։ Արա Շիրինյանի ժամկետը լրացել է։ Ասում են՝ նա ունի վերընտրվելու շանսեր, բայց հստակ է, որ Քոլոյանը, ում ըստ տարբեր աղբյուրների հենց Շիրինյանն է բերել, կամ նա է պաշտպանում, անընդհատ խնդիրներ է ստեղծում հենց Շիրինյանի համար. Հանրային ռադիոյի տնօրեն 30 տարի անց Հայաստան վերադարձած Քոլոյանն ու կինը ամենաշատն են հայտնվում մամուլի սկանդալային հրապարակումների կենտրոնում։