Ընտրությունը մեծ չէր․ գաղթի և մաhվան միջև մենք ընտրել են գաղթը, որ ապրենք

Ընտրությունը մեծ չէր․ գաղթի և մաhվան միջև մենք ընտրել են գաղթը, որ ապրենք

Անվտանգային վերլուծությունների ինստիտուտը նորաստեղծ «Արցախ» ծրագրի շրջանակներում, հունիսի 27-ին կազմակերպել էր ինտերակտիվ պանելային քննարկում՝ «Ինքնապաշտպանություն Արցախում-սեպտեմբեր 2023» խորագրով։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը բացման խոսքում նշեց, որ արցախցիներին հաճախ են տրվում հարցեր, թե՝ «ինչո՞ւ չեք կռվել» և կամ՝ «ինչի՞ համար եք եկել»։

«Հարցատուները հիմնականում ոչ թե ուզում են իմանալ պատասխանը տեղի ունեցած ողբերգությունների մասին, այլև ինչ որ տեղ ուղղորդված հարց են բարձրացնում հերթական անգամ թիրախավորելու, ցավ պատճառելու՝ ոչ իրենց ցանկությամբ 9 ամիս շրջափակման մեջ հայտնված, պատերազմ ու գաղթ տեսած, բազմաթիվ կորուստներով Հայաստան տեղափոխված հայրենակիցներին։ Պանելային քննարկումը հնարավորություն կտա, որ մեր հայրենակիցները բանախոսների միջոցով որոշակի տեղեկատվություն ստանան Արցախում կատարված ողբերգության մասին, որ թիրախ դարձնելու փոխարեն՝ ցավին հաղորդակից լինեն»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։

Արցախի զինված ուժերի պահեստազորի գնդապետ Գրիգորի Սահակյանը ներկայացրեց ՊԲ մեկօրյա պատերազմի ընթացքում կատարած հերոսական դրվագները՝ քարտեզի վրա ցույց տալով 2020 թվականից հետո փոխված պաշտպանական բնագիծը։ 

«Պատերազմից առաջ տեղային մարտեր են եղել  Փառուխի, Սարիբաբի ուղղություններով։ Բացի այդ՝ հրադադարի հաճախակի խախտումներ ու չդադարող ապատեղեկատվության հոսք։ Կարճ ժամանակ անց թիրախի տակ հայտնվեցին գյուղատնտեսությամբ զբաղվող արցախցիները։ Հետո ադրբեջանական պսևդոէկոակտիվիստների ակցիաներով սկսվեց Արցախի պաշարումը։ Սեպտեմբերի 19-ի կեսօրին սկսվեց ռազմական ագրեսիան ու 4 կողմից շրջափակման մեջ հայտնված Արցախի բանակը, ունեցած ռեսուրսներով կռվեց այնքան, մինչև ձեռք բերվեց զինադադարի մասին պայմանավորվածություն։ Այդուհանդերձ, բոլոր ուղղություններում թշնամուն պատճառվել է մեծ կորուստներ։ Սա հստակ իրողություն է»,- ասաց Սահակյանը։ 

Չնայած հաճախ է շեշտվում մեկօրյա պատերազմ խոսույթը, բայց Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վարիչ Գրիգորի Առստամյանի համար այն սկսվել էր դեռ 2020 թվականին, ավարտվել, մինչև վերջին կազմի՝ Արցախից դուրս գալը։ 

«Երևի շատերդ եք լսել, մեր հայրենակիցներն այստեղ հարցնում են՝ «իրո՞ք շրջափակում է եղել, իրո՞ք խանութներում բան չկար, թե ուղղակի նկարել եք»։ 2020 թվականից հետո մենք հիվանդանոցում աշխատելիս տեսնում էինք ադրբեջանական դիրքերը, պետք չէ լինել ռազմական վերլուծաբան՝ հասկանալու համար, որ ամենափոքր տրամաչափի զենքը կարող էր հասնել հիվանդանոցի բակ: Միաժամանակ հասկանալի էր, որ հարձակման դեպքում պարտությունն  անխուսափելի էր լինելու։ Պատերազմը սկսելուց րոպեներ անց՝ մենք ընդունեցինք առաջին վիրավորներին, նրանք քաղաքացական անձինք էին, նաև երեխաներ։ Պատերազմի առաջին զոհը 11 տարեկան երեխա էր սրտի կանգով։ Հետո սկսվեց մղձավանջը․ դիրքերից, տարբեր բնակավայրերից վիրավորներ, զոհվածների մարմիններ։ Առողջապահության ոլորտն աշխատեց մինչև սեպտեմբերի 29-ը»։

Պանելային քննարկման մասնակիցներին պատերազմի ընթացքում և հետո ստեղծված ծանր իրավիճակի և ցավոտ ընտրության մասին մանրակրկիտ պատմել են ՄԻ պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Մարտունու պաշտպանական մարտերին մասնակից Արտակ Մկրտչյանը և Արտակարգ իրավիճակների ծառայության խոսնակը։ Բանախոսները նշել են, որ սեպտեմբերի 20-ին և 21-ին ընտրությունը մեծ չէր, սակայն գաղթի ու մահվան ընտրության միջև արցախցիներն ընտրել են գաղթը, որ ապրեն։ 

«9 ամիս շարունակ մենք կրել ենք ամենադաժան զրկանքները, այդ ճանապարհով տարել նաև մեր երեխաներին, որ ապրենք Արցախում։ Սեպտեմբերի 20-ին ադրբեջանցիներն արդեն հասել էին Ստեփանակերտի մատույցներ, այնտեղից կրակում էին քաղաքացիների ուղղությամբ, անգամ վիրավորներ ունեցանք։ Դա ավելի արագացրեց գաղթը։ Մեկ օր ավել մնալն ավելի վտանգավոր էր դառնում»,- հավելեց Գեղամ Ստեփանյանը՝ հույս հայտնելով, որ այս ձևաչափով քննարկումները որոշակի առումով կփոխեն տրամադրությունները։  

Անվտանգային վերլուծությունների ինստիտուտն այսօրինակ քննարկումներ կծավալի նաև առաջիկայում։

Հունան Թադևոսյան