Անկախ ԱՄՆ-ն 246 տարեկան է․ ինչպես ծնվեց ԱՄՆ հռչակագիրը

Անկախ ԱՄՆ-ն 246 տարեկան է․ ինչպես ծնվեց ԱՄՆ հռչակագիրը

 

1776 թ. հուլիսի 4-ին հռչակվեց ԱՄՆ անկախությունը: Այն դարաշրջանում, երբ դեռ աշխարհում իշխում էր բացարձակ միապետության համակարգը, հիմք դրվեց ժամանակակից ներկայացուցչական դեմոկրատիային, որի առաջամարտիկն այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներն են: Իսկ ինչպիսի՞ն էր այդ տերության հիմնադիր հայրերի դիվանագիտությունը պետության ձևավորման սկզբնական տարիներին:

1770-ականներին Հյուսիսային Ամերիկայի ատլանտյան ափի երկայնքով ձգված անգլիական տասներեք գաղութներ ապստամբեցին մետրոպոլիայի՝ Անգլիայի դեմ և ձևավորեցին Ամերիկա աշխարհամասի առաջին պետությունը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները: Անգլիայի դեմ ընթացող յոթամյա պատերազմի ընթացքում այդ գաղութները ազատվեցին իրենց նախկին մետրապոլիայի լծից, որը խանգարում էր արդյունաբերության և առևտրի զարգացմանը, իսկ անգլիական արիստոկրատիայի ձեռքին էր գտնվում գաղութների լավագույն հողերը: 1776 թ. սկզբներին Թոմաս Փեյնը հրատարակեց իր «Ողջախոհություն» գրքույկը, որը կարճ ժամանակահատվածում հարյուրհազարավոր օրինակներով տարածվեց:

Նա գրում է.

«Բանավեճերի շրջանն ավարտվեց: Զենքը՝ որպես վերջին ռեսուրս, պետք լուծի վեճը»։ Փեյնը ներկայացնում էր գաղութների ժողովրդական զանգվածների, ամերիկյան ապստամբների և զինվորների տրամադրությունները, ովքեր պահանջում էին հրաժարվել անգլիական կառավարության հետ փոխզիջման գնալու տարբերակներից և վերջնականապես խզել նրա հետ հարաբերությունները: 1776 թ. հուլիսի 4-ին Մայրցամաքային կոնգրեսը ժողովրդական զանգվածների ճնշման ներքո ընդունեց անկախության հռչակագիրը. Անգլիայից գաղութային կախվածությանը վերջ տվեց: Հռչակագրի տեքստը ընթերցում էին փողոցներում և հրապարակներում, զանգվածները ցնծության մեջ էին: Նոր ամերիկյան հանրապետության դիվանագիտությունը նոր սկզբունքներ հռչակեց: Հռչակագրի տեքստը կազմեց Թոմաս Ջեֆերսոնը, ով նշվում է. «Մենք ակնհայտ ենք համարում ճշմարտությունները. բոլոր մարդիկ արարված են հավասար, և բոլորին Արարիչը օժտել է որոշակի անօտարելի իրավունքներով, որոնց թվում են` կյանքը, ազատությունը և երջանկության ձգտումը»: Հենց այս իրավունքների ապահովման ու պաշտպանության համար է ստեղծվում պետությունը։ Ուստի, եթե պետական իշխանությունը ոտնահարում է ժողովրդի իրավունքները, ապա ժողովուրդն իրավասու է կառավարությունը փոխարինել այնպիսի կառավարությամբ, որը կծառայի իր շահերին։ Այս դրույթը նոր էր պաշտոնական քաղաքական դոկտրինի համար։

Բացի այդ, դրա շնորհիվ բնական իրավունքները վերածվում են պետության՝ որպես ամբողջի նկատմամբ առանձին անհատների օրենքով ճանաչված սուբյեկտիվ իրավունքների։ Հռչակագիրը նաև պետական առաջին փաստաթուղթն է, որը հռչակում է ժողովրդական ինքնիշխանության՝ իբրև պետական կյանքի հիմքի գաղափարը։ Այստեղից էլ բխեցվում է իշխանությունը փոխելու ժողովրդի իրավունքը։ Օգտագործելով ժողովրդական գերակայության առաջադիմական սկզբունքը գաղութների անկախացման նպատակի համար՝ ամերիկյան բուրժուազիան հեռու էր դրան հետևելուց: Այդ սկզբունքների հռչակումը չխոչընդոտեց, որ օրինական մնար սևամորթների ստրկությունը, ինչպես նաև տեղի էր ունենում հնդկացիների զանգվածային վայրագ կողոպուտ ու ոչնչացում: Սկզբունքորեն ԱՄՆ-ը դարձան հասարակական անհավասարության դասական օրինակ։ Իր անկախության համար պայքարող Միացյալ Նահանգների բուն արտաքին գործերի կազմակերպումն էլ նոր գծեր էր պարունակում իր մեջ: Սկզբնական շրջանում արտաքին հարաբերությունների համակարգումն իրագործվում էր Մայրցամաքային կոնգրեսի կողմից, ապա անցան դրա կողմից առանձնացված կոմիտեներին և անձանց, ովքեր պատասխանատու էին կոնգրեսի առջև: