Բնակարանը էներգաարդունավետ վերանորոգում անելիս պետությունը լրիվ կամ մասնակի սուբսիդավորում է վարկի տոկոսները

Բնակարանը էներգաարդունավետ վերանորոգում անելիս պետությունը լրիվ կամ մասնակի սուբսիդավորում է վարկի տոկոսները

Քաղաքացիները, որոնք վերցրել են իրենց բնակարանների ու անհատական տների էներգաարդյունավետ վերանորոգման վարկեր, պետությունը այդ վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորում է ամբողջությամբ կամ մասնակի: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման եւ կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:

Նշենք, որ Բնակարանների եւ բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագիրն ընդունվել է կառավարության կողմից, պայմանագրի օրինակելի ձեւն արդեն ներկայացվել է բանկերին, առաջիկայում կհրապարակվի այն կազմակերպությունների ցանկը, որոնց կարող են դիմել քաղաքացիները:

Տանյա Արզումանյանի խոսքով, սահմանամերձ բնակավայրերում պետությունն ամբողջությամբ է սուբսիդավորում վարկի տոկոսները, սահմանամերձ չհանդիսացող գյուղական բնակավայրի բնակչի համար տոկոսադրույքը կազմում է 2 տոկոս, քաղաքային բնակավայրերի համար 3 տոկոս է, իսկ Երեւանում՝ 5 տոկոս:

«Ըստ ծրագրի տոկոսադրույքը հաշվարկված է 14 տոկոս, այսինքն պետությունը սուբսիդավորում է 9-14 տոկոսը:

Այս ծրագրով վերանորոգումը պետք է ուղեկցվի էներգաարդյունավետության միջոցառումներով: Բազմաբնակարան շենքում բնակարանի վերանորոգման դեպքում էներգաարդյունավետ միջոցառումների աշխատանքների արժեքը պետք է լինի առնվազն վարկի գումարի 20 տոկոսը, իսկ սեփական տների համար՝ 30 տոկոսը: Քաղաքացիները վարկ վերցնելիս պետք է ներկայացնեն լիցենզավորված կազմակերպության կողմից եզրակացություն բնակելի տան տեխնիկական վիճակի վերաբերյալ»,-ասաց նա:

Հարցին, թե որ աշխատանքներն են ներառվում էներգաարդյունավետ վերանորոգման մեջ, Արզումանյանը պատասխանեց, որ դրա մեջ մտնում է անհատական տների դեպքում արտաքին պատերի, տանիքի, նկուղի ջերմամեկուսացումը, բնակարանի դեպքում դա արգելված չէ, բայց իրատեսական էլ չէ, դռների լուսամուտների փոխարինումը, արեւային պանելների տեղադրումը, ձեռուցման համակարգերի տեղադրումը, լուսատուների փոխարինումը: Նաեւ վարկի 10 տոկոսը կարող է ուղղվել էներգախնայող տեխնիկայի ձեռքբերմանը:

«Գումարը, որի նկատմամբ հաշվարկվում է տոկոսը, բնակարանի համար առավելագույնը 7 մլն դրամ է, անհատական բնակելի տան համար՝ 10 մլն է: Վարկի ժամկետ է սահմանված առավելագույնը 7 տարին»,-ընդգծեց Տանյա Արզումանյանը: