Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Նախարարները գաղտնի 7-9 մլն դրամ պարգևավճար են ստացել, Միայն քպականների կյանքում պետք է «բան փոխվի», թոշակառուն ո՞վ է նրանց համար. Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ դեկտեմբերին ՀՀ նախարարներն ու փոխնախարարները միլիոնավոր դրամների պարգևավճարներ են ստացել, որի մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցումներին դեկտեմբերի 25-ից ի վեր Կառավարությունը չի պատասխանում. հրաժարվում են հրապարակել նախարարների և փոխնխարարների ստացած պարգևների չափը:

Այսպիսով, ոչ միայն ՀՀ ԱԺ պատգամավորներն են մեծ պարգևներ ստացել՝ մոտ 3 միլիոն-ական դրամներ, այլև նախարարներն ու փոխնախարարները ստացել են օրենսդիրներից զգալիորեն ավելի բարձր պարգևավճարներ՝ պետբյուջեի միջոցներից:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին գրավոր հարցում էր ուղարկել՝ խնդրելով հայտնել, թե դեկտեմբեր ամսին նախարարներն ու փոխնախարարները որքան գումար են ստացել՝ որպես պարգևավճար և հավելավճար (տես 1-ին լուսանկարը)։ Հունվարին՝ տոներից հետո, Կառավարությունը ժամանակ էր խնդրել 30 օրով՝ հարցին պատասխանելու համար(տես 2-րդ լուսանկարը)։

Սակայն հունվարի 9-ին ստացվեց պատասխանը Կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի անունից. «Յուրաքանչյուր նախարարության աշխատողի վարձատրությունը և հաշվապահական հաշվառումն իրականացվում է նախարարության կողմից», – նշված է պատասխանում: Այսպիսով կառավարության ղեկավարությունը հրաժարվել է հայտնել նախարարների ստացած պարգևավճարների չափը: (տես 3-րդ լուսանկարը)։

«Ժողովուրդ» օրաթերթը բոլոր նախարարներին ուղարկել է առանձին հարցումներ, սակայն մինչ այժմ որևէ պատասխան չի ստացվել: Մինչ այդ, Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ դեկտեմբեր ամսին միայն նախարարները ստացել են 7–8 միլիոն դրամ, որոշ դեպքերում՝ մինչև 9 միլիոն դրամ պարգևավճարներ, իսկ փոխնախարարները՝ 4–5 միլիոն դրամ պարգևավճարներ:

Ի դեպ, տեսչությունների պետերն էլ՝ նախարարներին գրեթե հավասար խոշոր պարգևներ են ստացել՝ տեղակալները՝ փոխնախարարներին հավասար:

2025–26 թվականը, որպես նախընտրական տարի, ծանր է նստել քաղաքացիների, հարկատուների վրա, բայց հարուստ էր նախարարների ու փոխնախարարների համար: Տարակուսալի է, որ պետական բյուջեից վճարված այդ գումարները գաղտնի են պահվում Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատակազմի կողմից»։

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը թերևս որոշել է լիուլի ձեռք առնել Հայաստանի կենսաթոշակառուներին: Թեպետ՝ ինչո՞ւ միայն կենսաթոշակառուներին, ու ինչո՞ւ միայն հիմա: Տեսեք, նախ՝ ասում է, թե թոշակը կարող էին 11 հազարով բարձրացնել, բայց քանի որ թոշակառուները չեն գիտակցում, թե ինչի վրա ծախսեն այդ գումարը, իրենք՝ ամենագետ իշխանությունները, թոշակառուի փոխարեն այդ գումարը ծախսում են առողջության ապահովագրության վրա: Պարզ ասած՝ կառավարության մի գրպանից մյուս գրպանն են դնում այդ գումարը, համարում, թե թոշակառուներին «լավություն» արեցին:

Ինչ խոսք, վիրավորական են նման արտահայտությունները: Բայց Փաշինյանը որոշեց ավելի հեռուն գնալ ու հայտարարեց, թե կարող են 20000 դրամով բարձրացնել թոշակները, բայց դա բան չի փոխելու թոշակառուի կյանքում, նա էլի մեծ գումարներ է ծախսելու ջեռուցման վրա, չնայած կարգին չի էլ ջեռուցվելու տունը: Ասեք, որ հզոր է...

Էհ, այդպես՝ այդպես է, եկեք այն 30­40 հազար դրամ թոշակն էլ մի տվեք թոշակառուներին: Միևնույնն է, եթե 20 հազար դրամը բան չի փոխում իրենց կյանքում, այդ 30­40 հազար դրամն էլ բան չի փոխի:

Ու ընդհանրապես, թոշակառուն ո՞վ է, որ նրա կյանքում ինչոր բան փոխվի: «Իրական» Հայաստանում միայն քպականների, փաշինյանական պաշտոնյաների, մի քիչ էլ՝ քպամերձների կյանքում պիտի բան էլ չէ՝ շատ­շատ բաներ փոխվեն: Միայն նրանք պետք է հարստանան: Փողոցից իշխանական թախտին հայտնվածները, «պատից կախ չտեսածները» աշխատավոր ժողովրդին ու թոշակառուներին «մանր են բրդում»: Նրանք, ինչպես Սաախովը կասեր, Հայաստանի անցուդարձին ու հասարակ մարդկանց վրա նայում են բացառապես իրենց «պադավատների» ու կաբինետների պատուհաններից:

Բա թե՝ 20000 դրամը նրանց կյանքում բան չի փոխելու...

 

«Հրապարակ» թերթը գրում է․

Մեզ պատմեցին, որ Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության եւ «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության համագործակցության շրջանակում ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում ստեղծվել եւ այժմ գործունեություն է ծավալում համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումը՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիան։

ԵՊՀ-ից մեզ հետ զրույցում հաստատեցին լուրը՝ նշելով, որ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիան մասնագիտական ոչ ֆորմալ հարթակ է, որտեղ համատեղ ջանքերով կազմակերպվում են իրավական արդիական թեմաների շուրջ մասնագիտական քննարկումներ, գործնական աշխատանքներ, սեմինարներ եւ գիտաժողովներ, ինչպես նաեւ կատարվում են գիտական հետազոտություններ։

Մեր աղբյուրի խոսքով` վարպետության դասերով հանդես է գալու իշխանությունների ձեռքի գործիք հանդիսացող Աննա Վարդապետյանը եւ ապագա իրավաբաններին, հավանաբար, իր օրինակով սովորեցնելու է, թե ինչպիսին չպետք է լինի իսկական իրավաբանը:

Send