ԱՄՆ բանակի անօդաչու թռչող սարքերի գումարտակը, որը Եվրոպայում ստեղծվել էր այս տարվա սկզբին, կլուծարվի «հիմքներին վերադարձի» ռազմավարության շրջանակներում, հաղորդել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով ԱՄՆ բանակի խոսնակին։
Մոտ 600 զինվորից բաղկացած գումարտակը ձևավորվել է այս տարվա հունվարին 173-րդ օդադեսանտային բրիգադի անձնակազմից։ Նպատակն է եղել, որ զորքերը ուսումնասիրեին ուկրաինական հակամարտությունը և մշակեին առաջադեմ ռազմական համակարգեր և մարտավարություն։ Լուծարման որոշումը քննադատության է արժանացել որոշ ռազմական փորձագետների կողմից, ովքեր կարծում են, որ դա կդանդաղեցնի անօդաչու թռչող սարքերի զարգացումը ԱՄՆ-ում։
Ծառայության ընթացքում ամերիկացի զինվորները այցելել են Կիև՝ հանդիպելու իրենց ուկրաինացի գործընկերների հետ։ Նրանք նաև շփվել են ուկրաինացի զինվորների հետ ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ, որտեղ պարտություն են կրել։
Լուծարման որոշմանը չնայած՝ ԱՄՆ բանակի խոսնակը WSJ-ին ասել է, որ բանակը «հանձնառու է արագացնել ամերիկյան ռազմական անօդաչու թռչող սարքերի գերիշխանությունը՝ լայնածավալ մարտական գործողությունների պահանջները բավարարելու համար», բայց հրաժարվել է մեկնաբանել ապագա ծրագրերը։
Բանակի խոսնակը նաև հայտարարել է, որ անօդաչու գումարտակը կմասնակցի Գերմանիայում կայանալիք «Սեյբեր Ջանկշն» զորավարժություններին, որից հետո կներկայացնի իր արդյունքները՝ «հայեցակարգի մշակման և ապագա փորձարկումների համար»։ «Զորավարժություններից հետո գումարտակը կկենտրոնանա իր հիմնական մարտական առաքելությունների վրա՝ որպես օդադեսանտային գումարտակ», - հավելել է նա։
Օգոստոսի 13-ին ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր պատմության մեջ առաջին բազմազգ հարվածային անօդաչու թռչող սարքերի աշխատանքային խմբի ստեղծման մասին։ «Falcon Strike» անվանումով ստորաբաժանումը կօգտագործի հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ ցամաքային, ջրի տակ և մակերեսային։

Русский