«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ փակ քննարկումների ժամանակ մտահոգություն է հայտնել նոյեմբերի 25-ին կայացած համայնքային ընտրությունների արդյունքների վերաբերյալ։
Մասնավորապես, վարչապետին անհանգստացնում է այն հանգամանքը, որ որոշ համայնքներում գործող ղեկավարները շարունակում են վայելել բարձր վստահություն և կարողանում են ձայների ճնշող մեծամասնությամբ վերընտրվել։
Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանի մտահոգության առանցքում այն հարցն է, որ ՔՊ-ն առաջիկա տարիներին կարող է բախվել համայնքապետերի թեկնածուների ընտրության խնդրին։ Օրինակ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը կարողացել է հավաքել ձայների ավելի քան 90 տոկոսը, իշխանության համար դարձել է այդ խնդրի խորհրդանշական օրինակը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը մտահոգված է, որ երեք տարի անց՝ համայնքային հաջորդ ընտրությունների ժամանակ, իշխանությունը կարող է հայտնվել մի իրավիճակում, երբ ստիպված կլինի կրկին առաջադրել նույն անձանց, քանի որ այլընտրանքային թեկնածուներ չունի։ Այդ պատճառով էլ նա թիմակիցներին հանձնարարել է առաջիկա ժամանակահատվածում աշխատել նոր անձանց հետ, նրանց քաղաքականապես աճեցնել և պատրաստել համայնքային ընտրություններին՝ հետագայում գործող ղեկավարների փոփոխության հնարավորություն ունենալու համար։
Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ում նաև վերլուծել են, թե ինչու են որոշ համայնքապետեր շարունակում բարձր վստահություն վայելել։ Նրանց գնահատմամբ՝ համայնքապետերի վերընտրվելու պատճառներից մեկը վերջին շրջանում մարզերին և համայնքներին ասֆալտապատման աշխատանքների համար գումարներ տրամադրելու խոստումներն են։ ՔՊ-ում կարծում են, որ համայնքների բնակիչները գնահատում են այդ խոստումները և իրենց ձայնը տալիս գործող ղեկավարներին։
Սակայն, ըստ մեր աղբյուրների, Փաշինյանին մտահոգում է ոչ միայն կոնկրետ ընտրությունների արդյունքը, այլև այն քաղաքական իրավիճակը, որում իշխանությունը կարող է հայտնվել հաջորդ ընտրական փուլում։
Վարչապետը թիմակիցներին հորդորել է այս ժամանակահատվածն օգտագործել նոր թեկնածուներ պատրաստելու համար, որպեսզի համայնքներում քաղաքական լճացում չառաջանա, և ՔՊ-ն ստիպված չլինի անընդհատ նույն անձանց առաջադրել։
Հատկանշական է, որ նոյեմբերի 29-ին ևս համայնքներում ընտրություններ են սպասվում, և այդ ընտրություններում կրկին առաջադրվել են գործող համայնքապետեր։ Այս հանգամանքը ևս մեկ անգամ հարց է առաջացնում՝ արդյոք ՔՊ-ն իսկապես պատրաստվում է նոր դեմքեր առաջ քաշել, թե առաջիկա տարիներին համայնքային իշխանություններում կրկին նույն անձանց վերարտադրության ականատես կլինենք։
Կարճ ասած, հնաբնակ համայնքապետերին քաղաքական կարճ կյանք է մնացել. նրանք շուտով պետք է հրաժեշտ տան տաք պահած աթոռներին»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Աբովյանի առաջիկա ՏԻՄ ընտրություններին հայտ ներկայացրած գործարար Արթուր Հարությունյանի՝ Պալաչի փաստաթղթերի հետ կապված, մեր տեղեկություններով, խնդիրներ կան, ինչը հնարավոր է խանգարի թեկնածուի առաջադրմանը։
Բանն այն է, որ Հարությունյանը չի համապատասխանում հունիսի 7-ի ընտրություններից հետո փոփոխված օրենսդրության պահանջին, համաձայն որի թե՛ ընտրողը, թե՛ ընտրվողը վերջին 2 տարում առնվազն 366 օր պետք է ապրած լինի ՀՀ-ում։ Համապատասխան տեղեկանք ստանալու համար երեկ Հարությունյանը դիմել է անձնագրային։ Ըստ գործող կարգի՝ սահմանված ձեւաթուղթը տրամադրվում է դիմելուց հետո եռօրյա ժամկետում։ Իսկ քաղաքական ուժերի առաջադրման վերջնաժամկետը նոյեմբերի 8-ն է։
Հիշեցնենք, որ խորհրդարանի ընդունած Ընտրական օրենսգրքի այդ փոփոխությունը խնդրահարույց են հռչակել նաեւ ընդդիմադիրները եւ վիճարկել Սահմանադրական դատարանում, իսկ քննությունը նշանակված է դեկտեմբերի 22-ին ՏԻՄ ընտրությունների ավարտից հետո, ինչը վկայում է, որ ապօրինի փոփոխությունը չի չեղարկվելու։ Այս փոփոխության վրա է իշխանությունների հույսը` որ կկարողանան սահմանադրական հանրաքվեի համար անհրաժեշտ քվորումն ապահովել: Ընտրողների թվի մասնակցության անհրաժեշտ շեմի իջեցումը՝ միայն մի մարզում մոտ 120 հազար ձայնով, կարող է օգնել, որ ալիեւյան սահմանադրությունն անցկացնեն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսում է հայրենասիրությունից, մինչդեռ նրա՝ ՀՀ քաղաքացիություն ունենալու վերաբերյալ պարզ հարցը մնում է առանց պաշտոնական պատասխանի։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մելիքյանը հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելու պահին ՀՀ քաղաքացի չի եղել։ Խմբագրությունը դիմել էր ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը՝ պարզելու՝ այժմ ունի՞ ՀՀ քաղաքացիություն, իսկ եթե չունի՝ դիմե՞լ է այն ստանալու համար և ի՞նչ փուլում է դիմումի քննարկումը։
Ծառայությունից ո՛չ հաստատել, ո՛չ հերքել են քաղաքացիության վերաբերյալ տեղեկությունը։ Քաղաքացիության շնորհման վարչության պետ Սևակ Պետրոսյանի ստորագրությամբ պատասխանում վկայակոչվել են քաղաքացիության և անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ օրենսդրական դրույթները։ Գերատեսչությունը պահանջել է ներկայացնել Մելիքյանի գրավոր համաձայնությունը և անձը հաստատող փաստաթուղթը։ Այսպիսով՝ պաշտոնական պատասխանը չի պարզաբանում նրա քաղաքացիության կարգավիճակը։
Խմբագրության տեղեկություններով՝ ՀՀ քաղաքացիություն չունեն նաև Մելիքյանի երեխաները, այդ պատճառով բանակում չեն էլ ծառայել։ Այս տեղեկությունը ևս պաշտոնապես հաստատված չէ, իսկ նրանց քաղաքացիության ընտրության համար պարզաբանում տալու հասցեատերը նախևառաջ ընտանիքն է։ Մելիքյանը, սակայն, չի պարզաբանում իրեն և որդիներին առնչվող հարցը, ինչի հետևանքով հանրային պատասխանատվություն կրող մարզչին ուղղված հարցը մնում է՝ հայրենասիրության մասին հայտարարությունների կողքին ի՞նչ տեղ ունի Հայաստանի հետ սեփական իրավական կապն ամրագրելու որոշումը։
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ նա շարունակում է կամ ինչ-որ ժամանակ առնվազն պահպանել է Ուկրաինայի և ՌԴ-ի քաղաքացիությունը: Ի դեպ, ուկրաինական օրենսդրությունն արգելում է երկքաղաքացիությունը:
Իհարկե, ՀՀ քաղաքացիությունն ինքնին հայրենասիրության վկայական չէ։ Բայց հայրենասիրությունը հանրային խոսքի առանցք դարձնող գործիչը պետք է պատրաստ լինի նաև իր ընտրությունների մասին ուղիղ հարցերին։ Մելիքյանը կարող է անձամբ պարզաբանել՝ ունի՞ ՀՀ քաղաքացիություն, ե՞րբ է ստացել կամ դիմե՞լ է այն ստանալու համար։ Այդ պարզ պատասխանը շատ ավելի համոզիչ կլինի, քան թեմայի շուրջ շարունակվող լռությունը»։

Русский