Ռուսաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները՝ մասնավորապես ԱՄՆ հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները, բանակցություններ են վարել «Հյուսիսային հոսք» գազատարների նախագծում ամերիկյան ներդրողի ներգրավման վերաբերյալ. այդ գազատարներով մինչև Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը գազ էր մատակարարվում Գերմանիային։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Ըստ աղբյուրների՝ բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Կիրիլ Դմիտրիեւը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։
Քուշները, ով փորձում է միջնորդել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հաստատման հարցում, կարծում է, որ գործարար կապերը առանցքային նշանակություն ունեն խաղաղության վերականգնման գործում. նման համաձայնագիրը թույլ կտա ամերիկյան ներդրողներին շահույթ ստանալ Եվրոպա էներգակիրների մատակարարումից՝ պատերազմի ավարտից հետո։
Վերջին շաբաթների ընթացքում Դմիտրիեւն ու Քուշները հանդիպել են Մոսկվայում և Նյու Յորքում։ Երկու աղբյուր նշել է, որ թեև «Հյուսիսային հոսքի» վերաբերյալ քննարկումների ծավալը հստակ չէ, հարցը մնում է օրակարգում։
«Ռուսաստանի կողմից կնքվող ցանկացած համաձայնագիր պետք է ներառի DFC-ն (ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիա) և Ֆինանսների նախարարությունը, ինչպես նաև պետք է օգուտ բերի ամերիկացի հարկատուներին և ընկերություններին»,- հայտարարել է Սպիտակ տան խոսնակը՝ հավելելով, որ վերջերս «Հյուսիսային հոսքի» վերաբերյալ քննարկումներ չեն եղել։
Դմիտրիեւը, ով հանդես է եկել Գերմանիային ռուսական գազի վաճառքը վերսկսելու օգտին, անցյալ ամիս հանդիպել է ԱՄՆ էներգետիկայի և ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում հնարավոր նախաձեռնությունները։

Русский