«Փաստ» օրաթերթը գրել էր.
ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր նկատմամբ 5 տարի իրականացվող կեղծ քրեական հետապնդումն ավարտվել է արդարացմամբ
Datalex տեղեկատվական համակարգից պարզ է դառնում, որ 2025 թվականի նոյեմբերի 25-ին Արա Մկրտչյանի արդարացման դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ Դատախազությունն արդարացման դատավճիռը բողոքարկել է մինչև Վճռաբեկ դատարան, սակայն այն հաստատվել է նաև Վճռաբեկ դատարանում։
Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, քրեական հետապնդում հարուցող մարմինը պարտավոր է հրապարակային ներողություն հայցել արդարացված անձից։ Սակայն դատախազությունը հրաժարվում է ներողություն խնդրել Արա Մկրտչյանից։
Փաստորեն, դատախազությունը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգավորմամբ տարիներով հետապնդումներ է իրականացնում, այլև նեղ քաղաքական շարժառիթներով պայմանավորված օրենք խախտելով ու ներողություն չխնդրելով արդարացված Արա Մկրտչյանից՝ փորձում է պարտակել Նիկոլ Փաշինյանի հրահանգները։
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գրել էինք, որ պետական համակարգում պարգեւավճարների երկրորդ փուլն է սպասվում, քանի որ պիլոտային ծրագրի շրջանակներում դեկտեմբերին բարձրաստիճան պաշտոնյաներին բաժանված միլիարդավոր պարգեւավճարները միայն 2025-ի առաջին կիսամյակի համար են տրվել, երկրորդ կիսամյակի գումարները, ըստ ամենայնի, բաժանվելու են մոտ օրերս։
Մի քանի գերատեսչություններից տեղեկություններ ենք ստացել, որ վարչության պետերը, նրանց վերադասներն արդեն ցուցակագրումներ են անում, իբրեւ թե աշխատակիցների աշխատանքի արդյունավետության ինդեքս որոշում, իրականում՝ յուրայիններին ու հնազանդներին են կաշառելու։
Այս աժիոտաժը խլրտոց է գցել պետական ապարատի ստորին օղակներում, որոնք զրկված են այս պետական կաշառքից օգտվելու հնարավորությունից եւ հիմա ավելի քան մարտական են տրամադրված՝ եթե այս անգամ էլ իրենց դուրս թողնեն կամ գրոշներ տան, իսկ բարձր պաշտոններ զբաղեցնող ՔՊ-ականներին միլիոններ տան, չեն լռելու։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Այն պահին, երբ ՔՊ վարչությունը մերժում է ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Ջուլիետա Ազարյանին, Հայկ Սարգսյանին, անգամ Հայկ Ցիրունյանին, նույն այդ վարչությունը ընտրացուցակի թեկնածու է դարձնում մի մարդու, որի անունը կապվում է քրեական վարքագծի, սպառնալիքների և բռնության պատմությունների հետ։ Այլ կերպ ասած՝ քրեական տարր է, որի գոյությունը որևէ քաղաքական թիմում արդեն խնդիր է։
Խոսքը իշխող կուսակցության անդամ, Արագածավանի կոմունալ բաժնի պատասխանատու Սուրեն Թորոսյանի մասին է, ով այսօր ոչ միայն ՔՊ շարքում է, այլև ցանկություն ունի պատգամավոր դառնալու։
Հանրային դաշտում արդեն շրջանառվում է տեսանյութ, որտեղ ՔՊ-ական պաշտոնյան պատմում է, թե ինչպես է ֆուտբոլի գնացող 7–8 տարեկան երեխային իջեցրել մեքենայից միայն այն պատճառով, որ երեխան արցախցի է եղել և քննադատել է Նիկոլ Փաշինյանին։ «Դավաճան Նիկոլը հողերը տվեց… պուճուր երեխա», — զայրացած պատմում է ՔՊ-ականը։
Սրան հաջորդում են արդեն ուղիղ սպառնալիքները․ Թորոսյանը տեսանյութում ասում է, որ ճշտել է երեխայի ծնողների աշխատանքը և համախոհներին խոստանում է՝ «Երկուշաբթի կզբաղվեմ դրանցով… նման մարդկանց դուրս ենք շպրտելու համակարգից»։
Երեխայի ընտանիքը Արցախից տեղահանված է, մայրը աշխատում է համայնքային ենթակայության հաստատությունում։ Թեպետ նա նշել է, որ իր որդու հետ կոպիտ վերաբերմունք չի եղել, պաշտոնատար անձի հանրային խոսքը և սպառնալիքներն արդեն իսկ ինքնին խնդիր են։
Իրավապահները, սակայն, ոչինչ չեն տեսնում․ Քննչական կոմիտեն, իհարկե, նրան որպես մեղադրյալ է ներգրավել գործով, բայց արդյունք չկա։ Նույն Սուրեն Թորոսյանը մեղադրյալ է նաև մեկ այլ գործով՝ համագյուղացուն փայտով հարվածելու և դեմքին գազ փչելու դեպքով։
Եվ այս ամենի ֆոնին՝ ՔՊ-ական պաշտոնյան տեսանյութում ողջույններ է հղում տեղական ԱԱԾ-ին ու ոստիկանությանը՝ հայտարարելով․ «Քարշ տուր, տներից հանի»։
Այսպիսով, երբ իշխող կուսակցությունը խոսում է «նոր քաղաքական մշակույթից», պարզվում է՝ այսպիսի վարքագծով մարդիկ են դառնում ընտրացուցակի թեկնածու։
Եթե սա է ՔՊ-ի «արժեհամակարգը», նշանակում է, որ բարեվարքության նոր սանդղակ է կառուցում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը․ որքան անկիրթ, բռի, քրեածին, այնքան ողջունելի իշխանության համար»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, ինչպես հայտնի է, փետրվարին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան։ Ակնհայտ է, որ այցի գլխավոր նպատակը TRIPP-ի մեկնարկն է լինելու, հնարավոր է համատեղ ընկերություն հիմնելու մասին համաձայնագիր ստորագրվի, որում կամրագրվի, որ ամերիկյան կողմին բաժին կհասնի այդ ընկերության 74, Հայաստանին՝ 26 տոկոսը։
TRIPP-ը, սակայն, միակ ուղղությունը չէ, որ լինելու է Վենսի ուշադրության կենտրոնում։ Իշխանական կուլիսներում խոսում են, որ հնարավոր է նաեւ փաստաթուղթ ստորագրվի, համաձայն որի՝ Հայաստանն ԱՄՆ-ին է վերապահելու մոդուլային ատոմակայանի կառուցումը։
Այս թեման արդեն մի քանի տարի է՝ շրջանառվում է իշխանության օրակարգում: Նման հայտ ներկայացրել է նաեւ Ռուսաստանը։ Բնական է, որ որոշումը քաղաքական է լինելու. Արեւմուտքն ու ԱՄՆ-ն ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու իրենց ծրագրի մաս են համարում Մեծամորի ատոմակայանի փակումը եւ մոդուլային ատոմակայանների կառուցումը։

Русский