Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հիջաբը՝ թուրք-ադրբեջանական առճակատման պատճառ․ կխզվե՞ն «մեծ ու փոքր եղբայրների» հարաբերությունները

Blog Image

Ադրբեջանում դպրոցական համազգեստի սահմանափակումների և հիջաբի արգելքի շուրջ լարվածությունը չի մարում։

Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիաներ են անցկացվում՝ ընդդեմ դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների։ Ցուցարարները հայտարարել են, որ գլխաշոր կրելը մուսուլմանական աշխարհում կրոնական պահանջ է, և հիջաբ չկրող աղջիկների կրթության իրավունքը չպետք է սահմանափակվի։



Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Օքթայ Սարալին՝ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու համար։ Տարաձայնություններն աստիճանաբար դուրս են գալիս հիջաբի շուրջ վեճի շրջանակներից։ Թուրքիայից հիշեցնում են 44-օրյա պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած աջակցության մասին, մինչդեռ Բաքուն ընդգծում է երկու պետությունների ինքնիշխանության և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը։ Բաքուն նաև ցանկանում է, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորի հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացքով։ Մինչդեռ, փորձագիտական գնահատականներով, Թուրքիան կարող է ձգտել Երևանի հետ հարաբերությունները զարգացնել՝ առանց Ադրբեջանի դիրքորոշումը պարտադիր պայման դիտարկելու։

Արդյո՞ք հիջաբի շուրջ վեճը կարող է վերածվել թուրք-ադրբեջանական ավելի խոր առճակատման, և որքանո՞վ է հավանական, որ երկու երկրների միջև երկար տարիներ ձևավորված ռազմավարական գործընկերությունը ճգնաժամ ապրի։

MediaHub-ի հետ զրույցում անդրադառնալով թուրք-ադրբեջանական հարաբերություններին՝ քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյանը կարծիք հայտնեց, որ հիջաբի շուրջ միջադեպը կարող է լինել ավելի լայն քաղաքական գործընթացների դրսևորում։

«Ես ինքս համոզված եմ, որ հիջաբի հետ կապված պատմությունն առաջին հերթին պետական հատուկ ծառայությունների հերթական, այսպես ասած, օպերացիան է»,- ասաց քաղաքական վերլուծաբանը։
 
Նրա խոսքով՝ թուրք-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածությունը պետք է դիտարկել նաև Ռուսաստանի և Արևմուտքի միջև ազդեցության համար պայքարի համատեքստում։

«Ընդհանուր առմամբ, այն գաղափարը, որ արդեն որերորդ տասնամյակն է՝ Արևմուտքը փորձում է պայքարել Ռուսաստանի և Արևելքի ազդեցության դեմ՝ եվրոպական ու եվրասիական միջանցքների շուրջ, տարբեր տարածաշրջաններում դրսևորվում է։ Ամեն անգամ այդպիսի մի բանից է սկսվում, հետո, որքան առաջ է գնում, այնքան ավելի է խորանում»,- ասել է Վանեսքեհյանը։

Փորձագետի գնահատմամբ՝ Ադրբեջանը կարող է փորձել վերանայել իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները և ավելի մեծ տեղ հատկացնել Ռուսաստանին՝ միաժամանակ ձգտելով նվազեցնել Թուրքիայի ազդեցությունը։

«Ադրբեջանը փորձում է իր արտաքին քաղաքական վեկտորը տեղափոխել դեպի Ռուսաստան։ Փորձում է Թուրքիայի ազդեցությունից դուրս գալ, որ կարողանա ինքնուրույն գործել։ Տեսնում է, որ Ռուսաստանն այս դեպքում, Ուկրաինայի ճակատամարտի պայմաններում, փորձում է իր ազդեցությունն ավելի մեծացնել»։

Նրա խոսքով՝ Բաքուն կարող է ձգտել ավելի ինքնուրույն դիրքավորվել տարածաշրջանային գործընթացներում՝ չմնալով բացառապես Անկարայի քաղաքական ազդեցության ներքո։

«Չի կարելի բացառել, որ Ադրբեջանը փորձում է կամաց-կամաց դուրս գալ այդ փոքր-ինչ էրդողանական քաղաքականությունից, որպեսզի կարողանա ինքնուրույն ավելի գործելի դիրք զբաղեցնել տարածաշրջանային հարցերում»։

Փորձագետը կարծում է, որ այս գործընթացում Հայաստանի դերը նույնպես կարևոր է։ Նրա գնահատմամբ՝ Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը կարող են անհանգստացնել Բաքվին, եթե Անկարան որոշի այդ գործընթացը չպայմանավորել Ադրբեջանի պահանջներով։

Խոսելով այն մասին, թե որքան կարող է շարունակվել թուրք-ադրբեջանական լարվածությունը՝ փորձագետն ասաց, որ դրա հետագա ընթացքը կախված կլինի նաև Ռուսաստանի դիրքերի ամրապնդումից։

«Նայած՝ որքան Ալիևը կդիմանա այդ ճնշմանը։ Միգուցե հանձնվի, կամ հնարավոր է՝ որքան Ռուսաստանն ավելի ակտիվ լինի ուկրաինական ճգնաժամի պայմաններում և որքան կարողանա մեծացնել իր ազդեցությունն այդ տարածքում, այնքան Ադրբեջանի արտաքին քաղաքական վեկտորը կարող է փոխվել դեպի Ռուսաստան։ Այդ պարագայում Թուրքիայի հետ հակասությունները կարող են ավելի սրվել»,- նշեց փորձագետը։

Վերլուծաբանի գնահատմամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմը զգալի ազդեցություն ունի տարբեր տարածաշրջանների պետությունների արտաքին քաղաքական կողմնորոշումների վրա։

«Ռուսաստան-Ուկրաինա ճակատամարտի ազդեցությունը մնացած բոլոր տարածաշրջանների և ուղղությունների վրա շատ ուժեղ է։ Բոլորը սպասում են՝ ով է առաջ անցնելու՝ Արևմո՞ւտքը, թե՞ Ռուսաստանը։ Եթե Ռուսաստանն ինչ-որ չափով հաղթի, շատերի արտաքին քաղաքական վեկտորը կարող է սկսել փոխվել դեպի այդ կողմ»։

Այսպիսով, հիջաբի շուրջ ծագած տարաձայնությունները կարող են ավելի լայն քաղաքական հակասությունների արտահայտություն լինել։ Սակայն թե արդյոք դրանք կհանգեցնեն Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների իրական վերանայման, կախված կլինի երկու երկրների հետագա քայլերից և տարածաշրջանում ուժերի հարաբերակցության փոփոխությունից։

Ալիտա Եղիազարյան

Send